Խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու համար մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի հարազատներին այսօր ընդունել են ՀՀ գլխավոր դատախազությունում:

Ինչպես հանդիպումից հետ լրագրողներին տեղեկացրեց Արամ Մուղալյանի մայրը՝ Վարդուհի Շափաղաթյանը, նրանք դատախազ Դավիթ Սարգսյանի հետ են խոսել, ով խոստացել է, որ կզբաղվի գործում առկա անօրինականություններով:

«Մենք նաև հարց բարձրացրեցինք, որ Արմավիրի դատախազությունը, ելներով իր ամբիցիաներից, չի ուզում ընդունել եւ շտկել նախաքննության ընթացքում թույլ տված բազմաթիվ սխալները»,-ասաց նա՝ հավելելով, որ դատախազի հետ իրենց հիմնական խոսակցությունը տղաների նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ էր. պահանջել են, որ կալանքը հանվի:

Վերջինիս խոսքով՝ քննիչ Աշոտ Մարտիրոսյանն այդ գործը անօրինական է արել՝իր անձնական խնդիրներից ելնելով, և հիմա այսքան մարդ չի կարողանում «դրա տակից դուրս գալ»:

Ինչ վերաբերում է տղաների վրա համաներման ակտի տարածման հարցին՝ Վարդուհի Շափաղաթյանն ասաց, որ իրենք նոր միջնորդություն պետք է ներկայացնեն դատարան, որպեսզի դատարանը նոր որոշումով կարողանա տղաներին ազատել, մինչև որ համաներումը կազդի նրանց վրա:

«Սա աբսուրդ գործ է, չկա գոնե մի փոքր ապացույց, որ այս ամենը կատարվել է այնպես, ինչպես մեղադրանքում է ներկայացված»,-ասաց նա: