Որևէ երկրի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ տվյալ երկրի դիվանագետների և ի պաշտոնե արտաքին քաղաքականությանն առնչվող անձանց գործունեության ոլորտն է: Եվ երբ արտաքին քաղաքականությունից սկսում են խոսել ոչ թե դիվանագետներն, այլ այդ ոլորտից նույնիսկ չնչին գաղափար չունեցող «ՀՐԱՊԱՐԱԿախոսները», թղթին հանձնածը, այն էլ խմբագրականը, ստացվում է ոչ թե հոդված կամ վերլուծություն, այլ սևով սպիտակի վրա արված խզբզանք:

 

Երբ վերոնշյալ «ոչ դիվանագետները» սկսում են գրել ասենք հայ-թուրքական հարաբերություններում մեր դիվանագիտության «խայտառակ ձախողման» և «մինչֆուտբոլային մակարդակում» չգտնվելու մասին, ապա անմիջապես հակադարձելու և ճշմարտությունը նրանց համար (եթե, իհարկե, չգիտեն) երևան հանելու ցանկություն է լինում: Այո, իսկապես, հայ-թուրքական հարաբերություններն այսօր հեռու են «մինչֆուտբոլային մակարդակից»:

 

Հաճախակի արևմտամետ բարքերից բարձրաձայնող այս անձանց հետ խոսենք Արևմուտքից արված հայտարարություններից: Հայ-թուրքական գործընթացի սկսվելուց և դրա «խայտառակ ձախողումից» հաշված ամիսներ անց' 2010թ. հուլիսի 4-ին, պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է. «Այժմ գնդակը հակառակորդի կողմում է, և հասել է գործելու նրանց ժամանակը: Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և տպավորված ենք Երևանի ապրիլյան որոշմամբ, որ հայկական կողմը ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից' չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտներին: Միացյալ նահանգները կոչ են արել Թուրքիային նույնպես ջանքեր գործադրել' Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»:

 

Դրանից շուրջ 2 տարի անց' 2012թ. հունիսի 4-ին կրկին Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարը նույնությամբ կրկնեց իր խոսքերը' նշելով, որ «մինչև հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է»: Նույն միտքն ի դեպ, տարբեր ժամանակներում արտահայտել են օտարերկրացի ու հայաստանցի շատ քաղաքական գործիչներ:

 

Այսինքն, ողջ միջազգային հանրությունն ականատես եղավ, որ հենց թուրքական կողմը ձախողեց այս գործընթացը' հետ կանգնելով պայմանավորվածություններից և առաջ քաշելով նախապայմաններ: Բոլորը տեսան, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Թուրքիան է: Հայաստանն առաջին անգամ Թուրքիայի հետ խոսեց հավասարը հավասարի հետ և դիվանագիտական ճակատում կատարեց մի քայլ, որն ստիպեց «փորձառու» թուրքական դիվանագիտությանը մի քանի քայլ հետ կատարել: Բոլորը տեսան, որ նախկինում վարած թուրքական քարոզչությունը, թե Հայաստանի պահանջների պատճառով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվում, փուչ է և չնայած Հայաստանի մեկնած ձեռքին, Թուրքիան է հետ կանգնում պայմանավորվածություններից, մեծ Թուրքիան փոքրոգիություն է դրսևրում:

 

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տարվող բանակցություններին, ապա դրանք մշտապես եղել են հնարավորինս բաց և թափանցիկ բոլորի համար, ու երկրի բարձրագույն ղեկավարությունն անընդհատ հայտարարել է, որ դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա: Դա ըմբռնել ու դրա մասին հայտարարել են նաև Եվրամիության պաշտոնյաները: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում օրեր առաջ ունեցած իր ելույթում շեշտեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը եղել է բացառապես հայկական կողմինը, և Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ հետ ունենա հնարավորինս խորը համագործակցություն, անկախ նրանից, թե դա ինչպիսի անուն կունենա, ինչ պայմանագիր կքնվի: Սակայն այս ոլորտը համարել որպես ձախողված կարող է միայն այնպիսի մեկը, ով բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտական գործընթացը: Ցանկացած նման գործընթաց որոշակի նպատակ է հետապնդում: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը երկրի անվտանգության և բարեկեցության բարձրացումն է: Այս համատեքստում այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ամեն գնով պետք է պահպանել ԵՄ հետ ասոցացման գործընթացը, լրացուցիչ մեկնաբանություններ և հստակ ապացույցներ պետք է ներկայացնեն, թե այն որչափ համեմատական է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցությանը:

 

Խոսելով Հայաստանի ներկայիս արտգործնախարարի կողմից տարվող արտաքին քաղաքական ուղղության մասին' կարելի է փաստել, որ Նալբանդյանն, այո, կարող է դառնալ ամենաերկարատև պաշտոնավարող ԱԳ նախարարը, քանզի կշռադատված և առանց մարտավարական ու լեզվական սայթաքումների արտաքին քաղաքականություն է վարում: Նրա պաշտոնավարումը նշանավորվեց աշխարհի տարբեր մասերում գտնվող պետությունների հետ համագործակցության շեշտակի զարգացման ընթացքում հիշարժան է հատկապես Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործընթացը:

 

Վերջին 4 տարիներին Հայաստանը տասից ավելի նոր դեսպանություններ բացեց:

 

Հենց այս ժամանակաշրջանում սկսվեց Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, գործի դրվեցին ճանաչմանսը հասնելու նոր մեխանիզմներ՝ պատգամավորական խմբերի ստեղծումը։ Ղարաբաղի հարցում Նալբանդյանի օրոք միջազգային հանրությունը' ի դեմս համանախագահ երկրների, հստակորեն արձանագրեց ինքնորոշման իրավունքը' որպես խնդրի կարգավորման անքակտելի և հիմնարար սկզբունք: Այս դիրքորոշումն իր արտացոլումը գտավ Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի համատեղ հայտարարություններում: Ցանկալի չէ հիշել միջազգային հանրության կողմից մեր անկախությանը հաջորդած հայտարարությունները, բանաձևերն այս հարցում:

 

Միևնույն է, սակայն, փաստերի խեղաթյուրումը և ամենն իրենց ցանկացած լույսի ներքո ներկայացնելու «հրապարակախոսների» ձգտումը շարունակվում է: Դրա պատճառները նույնպես կարելի է առանձին ախտորոշել և «բուժում» սահմանել:

 

Եթե կա թերթի էջեր լցնելու և «հաց վաստակելու» խնդիր, դա կարելի է ըմբռնել: Սակայն այդ դեպքում հարկավոր է դիմել ամենատարբեր ոլորտների իրական մասնագետների, որոնք մեր երկրում քիչ չեն, և նրանցից բոլորովին անվճար ստանալ տարատեսակ հարցերին առնչվող բավական խելամիտ վերլուծություններ ու զետեղել դրանք սեփական թերթի էջերում:

 

Իսկ եթե նմանատիպ գործունեությամբ լուրջ նպատակներ չեն հետապնդվում, և նպատակը կամ պատվերն ուղղակի ցեխ շպրտելն է, ապա հեշտությամբ կարելի է գտնել սեփական պրոֆիլին առավել հարմար ու առավել բարձր վարձատրվող աշխատանք: Ինչու՞, ուրեմն, խաղալ մարդկանց և ամբողջ գերատեսչությունների պատվի հետ: Ինչու՞ փորձել մութ սենյակում սև կատու փնտրել, երբ «սև կատուները» վաղուց լքել են սենյակը...

 

 

ԱԺ պատգամավոր` Նաիրա Կարապետյան