Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի ու Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստում կողմերի ճառերից հետո նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին:

 

Մինչ այդ իրեն տրված վերջին խոսքի ժամանակ Տիգրան Առաքելյանը դատարանին ՀՀ անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ քրեական դատավարության օրենսգիրք նվիրեց' ասելով. «Առանց որևէ ենթատեքստի եմ նվիրում»:

 

Նշենք, որ այսօր կողմերը հանդես եկան պաշտպանական ճառերով: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Վերջինս նշեց, որ դատաքննության ընթացքում տեղի ունեցան դատավարական կարգի խախտումներ, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ամբաստանյալներն անմեղ են, չբերվեցին ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր ամբաստանյալներին առաջադրված շինծու մեղադրանքը:

 

Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը հրաժարվեցին ճառից' նկատելով, որ բոլորը գիտեն, թե ինչ դրդապատճառներ ունի այս գործը, և պահանջեցին իրենց ազատ արձակել:

 

Սարգիս Գևորգյանը հայտարարեց, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

 

«Մեղադրանքն անհիմն է. տեղի է ունեցել մեզ պատանդ վերցնելու գործընթաց»,-ասաց Սարգիսը և կոչ արեց կայացնել արդարացման դատավճիռ' հրաժարվելով ճնշումներից:

 

Տիգրան Առաքելյանն էլ իր հերթին նշեց, որ իր կարծիքով վճռի վրա որևէ ազդեցություն իր ճառը չի ունենա.

 

«Մենք խոսում ենք հասարակության մեջ արդարադատության վստահությունը բարձրացնելու մասին, բայց այդ նույն հասարակությունը, ԶԼՄ-ները պահանջում են, որ կալանքից ինձ ազատեն, ստորագրում են, որ ես քաղբանտարկյալ եմ, բայց դատարանը չի լսում նրանց: Ես գտնվում եմ այստեղ այն դեպքում, երբ անգամ վարչական իրավախախտում չեմ արել»,-ասաց Տիգրան Առաքելյանը:

 

Վերջում մեղադրական ճառով հանդես եկավ նաև մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Վերջինս պնդեց իր մեղադրանքը, իսկ Արտակ Կարապետյանի մասով հայտարարեց, որ նրա նկատմամբ համաներումը կիրառելի է, ու դատարանին միջնորդեց ազատել պատժից:

 

Մեղադրական ճառից հետո դահլիճը սկսեց վանկարկել' «Հակոբ' սրիկա, Հակոբ' սրիկա»:

 

 

 

 

Լուսանկարը` Անի Գևորգյանի