Սիրիայի ընդդիմադիր խմբերն ու ակտիվիստները դատապարտել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության մրցանակը Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (ՔԶԱԿ) հանձնելու համար։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ընդդիմադիրների կարծիքով՝ դա իրական պարգև էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ու նրա ռեժիմին աջակցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Նրանք միջազգային մակարդակով ստորացնում են սիրիական հակամարտության հետևանքով զոհվածների հիշատակն ու վիրավորում դժբախտացած մարդկանց զգացմունքները։ Սա իսկական նվեր էր Ասադին ու Պուտինին»,-նշել է ակտիվիստներից մեկը։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության լիբանանյան մասնաճյուղի տնօրեն Նադիմ Հուրին ևս դատապարտել է ՔԶԱԿ-ին Խաղաղության մրցանակ շնորհելու փաստը։
Մինչդեռ Նոբելյան հանձնաժողովը հայտնել է, որ ՔԶԱԿ-ը դափնեկիր է դարձել ոչ թե Սիրիայում վերջին շրջանում ծավալած գործունեության համար, այլ նախկինում կատարած աշխատանքի։
Կազմակերպության փորձագետները ներկայում զբաղված են Սիրիայի քիմիական զինապահեստի մասին տեղեկություններ հավաքելով, որպեսզի մինչ 2014թ. կեսը կարողանան ոչնչացնել քիմիական ողջ զինապահեստը։
ՔԶԱԿ-ը որպես մրցանակ կստանա 1.2 մլն դոլար, իսկ պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Օսլոյում։