«Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի եթե ասենք, որ Հայաստանում, ինչպես բոլոր երկրներում կան ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ: Այս նամակ-հայտարարությունը շարադրված է հենց նման կողմնորոշում ունեցող մարդկանց կողմից: Մենք օգնության կանչ ենք հնչեցնում Հայաստանում անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ, առավել ևս երբ ատելության կոչերը հնչում են Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի անունից:

Բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանում Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի՝ ավելի կոնկրետ պաշտպանի պաշտոնը ստանձնած անձի գործունեության վրա: Կարեն Անդրեասյանը ՄԻՊ գրասենյակը ծառայեցնում է որպես իր մտերիմների վեճերի լուծման հարթակ, սակայն երբեք ոչ որպես խոցելի խավերի պաշտպանության կենտրոն: Օրինակ վերջերս ՄԻՊ գրասենյակը ներքաշվել էր ներեկեղեցական հարցերի մեջ պաշտպանելով Անդրեասյանի մտերիմ ընկեր տեր Հակոբ քահանային ներեկեղեցական խնդիրների մեջ: Պաշտպանի ինստիտուտը մեր երկրում իջեցվեց ամենացածր մակարդակի վրա: Զարմանալի է թե ում իրավունքների անունից է հանդես գալիս ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն անելով ամենախոցելի խավերից մեկին ոչնչացնելու դեմ:

Վստահ ենք, որ այս կոչով սկիզբ է դրվում ոստիկանական ռեպրեսիաների, որոնք առանց հապաղելու գործի կդրվեն, արդեն պետական մակարդակով կիրականացվի ֆաշիզմի գաղափարախոսության հիմք հանդիսացող «ով մեզ նման չի, գնդակահարել» սկզբունքը:

Ուղղակի ապշեցուցիչ է, որ ֆաշիզմ է քարոզում Մարդու Իրավունքների Պաշտպանը:

Այսպիսով մենք օգնության կոչով դիմում ենք բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր անտարբեր չեն մարդկանց ու նրանց ճակատագրերի նկատմամբ:

Սույն հայտարարությունը ուղարկվելու է ՀՀ-ում գործող բոլոր մարդասիրական կազմակերպություններին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին:

Առաջարկում ենք Կարեն Անդրեասյանին նշանակել կենդանիների իրավունքների պաշտպան, քանի որ նա ատում է մարդկանց:

Հասկանալի պատճառներով չենք հրապարակում մեր անունները, որովհետև այս պահի դրությամբ անհանդուրժողականության մթնոլորտը ուղղակի սարսափելի է»:

ՀՀ ում բնակվող մի խումբ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներ