Ըստ ՀՀ 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի՝ 2014-ի տարեվերջին ՀՀ արտաքին պետական պարտքը (ԱՊՊ) 2013թ.-ի տարեվերջին կանխատեսվող ցուցանիշի համեմատ էապես չի ավելանա և կկազմի մոտ 3.9 մլրդ ԱՄՆ դոլար: Կառավարության հիմնավորմամբ՝ ՀՀ 2013 թ.-ի պետական բյուջեով արտաքին աղբյուրներից նախատեսված վարկային միջոցները ամբողջությամբ ստանալու դեպքում, ինչպես նաև հաշվի առնելով 2013 թ.-ի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ճշտված պլանի համեմատությամբ առանձին վարկային ծրագրերի գծով արձանագրված գերակատարումները, «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով չնախատեսված և 2013 թ.-ի ընթաց¬քում փաստացի ստացված վարկերը, ՀՀ արտաքին պետական պարտքը՝ ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունների գծով, 2013 թ.-ի տարեվերջին կկազմի մոտ 3 մլրդ 829 մլն ԱՄՆ դոլար: 2014թ.-ին ԱՊՊ-ի ավելացումը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 334 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ՀՀ կառավարության պարտավորությունների գծով՝ 288 մլն ԱՄՆ դոլարի արտաքին միջոցներ: ԱՊՊ գծով նախատեսվում է սպասարկել մոտ 292 մլն ԱՄՆ դոլար՝ 235 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով և մոտ 57 մլն ԱՄՆ դոլար որպես տոկոսավճար: Ըստ կառավարության, 2013-2014 թ.թ.-ին արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշները հիմնականում կգտնվեն նվազ և միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում: