Երևանի փողոցներում ժողովրդական տոնախմբություն էր։ Բազմամարդ էր նաև Մաշտոցի պողոտա-Բուզանդի փողոց խաչմերուկի բեմը, որտեղ ազգային և ժողովրդական երգարվեստը ներկայացնում էին Երևանի վարչական շրջանների արվեստի և երաժշտական դպրոցների, մշակույթի տների սաները, ինչպես նաև ժողովրդական երգի ու պարի համույթներ։ Ինչպես ազգային երաժշտության այլ բեմերի մոտ, այստեղ ևս հանդիսատեսը համերգն ունկնդրում էր շուրջպար բռնած։ Իսկ մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Կարապի լճում անցկացվել են նաև վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ:
Ելույթներն ուղեկցվել են երաժշտական համարներով՝ յուրահատուկ տրամադրություն փոխանցելով հավաքված հետաքրքրասերներին: Վինդսերֆինգ մարզաձևով զբաղվողները ներկայացրել են հատուկ համարներ, նաև՝ հնարքներ ցուցադրել: Մրցումներին մասնակցել են մի շարք պատանի վինդսերֆինգիստներ: