РИА Новости-ն, հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ-ին՝ հաղորդել է, որ Մոսկվայի Բիրյուլովո շրջանում Եգոր Շերբակովին սպանել է ադրբեջանցի Օրխան Զեյնալով Զախիտ օղլուն՝ ծնված 1982 թվականին:
Սպանությունը Մոսկվայի հարավային շրջանում մեծ անկարգությունների պատճառ էր դարձել. շրջանի բնակիչները պահանջում էին փակել տեղի բանջարեղենի շուկան, որտեղ աշխատում են բազմաթիվ ներգաղթյալներ, ինչպես նաև խստացնել ներգաղթի քաղաքականությունը:
Բնակարանի տերը, որտեղ Զեյնալովը վարձով է բնակվում, պատմել է, որ համացանցում սպանության տեսանյութը հայտնվելուց հետո ինքը և հարևանները կատակով դիմել են նրան՝ հարցնելով, թե արդյո՞ք նա չէ սպանել այդ տղային: Ադրբեջանցին ծիծաղել է և մտել իր սենյակը, սակայն որոշ ժամանակ հետո դուրս է եկել՝ հայտարարելով, թե գնում է խանութ և այլևս չի վերադարձել:
Առավել որակյալ տեսանյութ ձեռք բերելուց և զննելուց հետո հարևանները ճանաչել են Զեյնալովին և զանգահարել ոստիկանություն: