Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը հեռացել է Հայաստանից: Նա հիմա բիզնես-գործունեություն է ծավալում Մոսկվայում: Այս մասին Politik.am-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Արմեն Նազարյանը բավական ակտիվ գործունեություն էր ծավալում Հայաստանում այն ժամանակ, երբ հայրը` Ներսիկ Նազարյանը Երևանի ոստիկանապետն էր:
Ըստ աղբյուրների` Արմեն Նազարյանը Մոսկվայում իր մտերմիների շրջանակում բողոքել է, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը եկամտաբեր չէ:
«Ստացվում է, որ երբ իր հայրը Երևանի ոստիկանապետն էր, բիզնեսով զբաղվելը եկամտաբեր էր, իսկ հիմա' ոչ: Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը մի շարք բիզնեսներ էր հիմնել Հայաստանում, որոնցից ամենահայտնին «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցն է: Փաստորեն, Արմեն Նազարյանի բիզնեսների հաջողությունը ուղիղ կապ է ունեցել հոր պաշտոնի հետ»,- գրում է կայքը և հավելում, որ Արմեն Նազարյանը նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկն է, ինչը նշանակում է, որ երկրում փոխվել է իրավիճակը, որը ստիպում է անգամ Ռուբեն Հայրապետյանի կլանի ներկայացուցիչներին «նեղվել» բիզնես գործունեություն իրականացնելիս:
Լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախկին ոստիկանի որդին Մոսկվայում հիմնականում շփվում է կրիմինալ շրջանակների հետ: