Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և նախատեսված ծախսային ծրագրերի իրագործման, լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակական օբյեկտների լիարժեք ավարտման, ժամկետների սղության պատճառով առանց ֆինանսական ապահովման մշակված (-վող) նախագծանախահաշվային փաստաթղթերի, 2012-2013 թթ. մատուցված ծառայությունների ներկայումս ֆինանսավորման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 61 մլն դրամ:

 

Հարցի քննարկման համատեքստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների մոնիթորինգին և դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտության խնդրին: «Իմաստն այն է, որ մենք մեր քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, - հավելել է վարչապետը:

 

- Եվ շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսենք: Եթե կան այդպիսի անավարտ օբյեկտներ, ապա նպատակահարմար է դրանց վրա գումար ներդնել:

 

Նույնը վերաբերում է նաև մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը: Կան շենքեր, որոնք արդեն 10 տարուց ավելի է, ինչ անավարտ վիճակում են, և մենք չենք կարող անտարբեր նայել, թե այդ շենքերն ինչպես են քայքայվում: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնել ավարտին ու ավարտին չի հասցնում. դրա հետևանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում:

 

Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ի՞նչ տույժ, տուգանք կարելի է կիրառել, կամ դատական գործընթաց սկսել»:

 

ՀՀ կառավարությունը հիմնադրել է արտահանման ապահովագրական կազմակերպություն ՓԲԸ, սահմանել ընկերության ընդհանուր կապիտալը` 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1 մլրդ 500 մլն դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով և գլխավոր պահուստ` 450 մլն դրամ: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով վերապահվել է լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին:

 

Լիազոր մարմինը հիմնադրի անունից հաստատելու է ընկերության կանոնադրությունը: Ապահովագրական կազմակերպության հիմնադրումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը: Ընկերության նպատակներից է արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկն ապահովագրել վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար ստեղծել ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի արտահանման ֆինանսավորման ծածկույթը: