Վրաստանի նախագահի թեկնածու, Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն պատրաստվում է դատի տալ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ իրեն «դավաճանի չափանիշ» անվանելու համար։

 

«Մեղադրանքները, թե ես պետական դավաճան եմ, աբսուրդ են։ Եթե նա չի հասկանում այդ խոսքերի իմաստը, ես կդիմեմ դատարան, որտեղ նրան մանրամասն կբացատրեն, թե ինչ է նշանակում պետական դավաճանություն և ինչպես մարդ պետք է պատասխան տա իր խոսքերի համար»,-հայտարարել է Թարգամաձեն։

 

Հիշեցնենք , որ Վրաստանի վարչապետը խմբագիրների հետ հանդիպման ընթացքում ասել էր.- «Այդ մարդը միշտ աջակցում է այնպիսի դիրքորոշումների, որոնք հակասում են երկրի շահերին։ Իմ աչքում նա դավաճանի չափանիշ է»:

 

Մեկ այլ թեկնածուի՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին Բիձինա Իվանիշվիլին «խեղկատակ» է անվանել։ «20 տարի նա հանրությանը խաբում է, և դեռ աջակիցներ ունի։ Գրեթե խեղկատակ է դարձել այդ մարդը, սակայն հիմա էլ 1-2% ունի»,-ասել էր վարչապետը։

 

Նաթելաշվիլին այս բնորոշմանը դեռ չի արձագանքել։