Այսօր Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Չնայած Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին դադարեցրել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացումն ու անցում կատարել Կայուն զարգացման ծրագրին, սակայն հենց այդ ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակն աճել է:

 


Պաշտոնական թվերով՝ աղքատության մակարդակը 2011 թվականին 35 տոկոս է կազմել, 2012 թվականի տվյալներն Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի առաջիկայում:

 


Lragir.am-ն այսօր կառավարությունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքվեց՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում վերջին տարիներին աղքատության ցուցանիշը կտրուկ ավելանում է:
«Ես նախ պիտի ասեմ, որ մեթոդաբանության փոփոխություն տեղի ունեցավ: Աղքատության մակարդակի միայն 7 կետով բարձրացումը եղել է մեթոդաբանության փոփոխության արդյունքում: Մեթոդաբանության փոփոխության արդյունքում արաձանագրվել է 35 տոկոս աղքատություն: Նախկին մեթոդաբանությամբ այդ ցուցանիշը կկազմեր շուրջ 26 տոկոս»,- ասաց նախարարը:

 


Նա նշեց նաև, որ աղքատության խնդիրը պայմանավորված է 2009 թվականի տնտեսական անկմամբ: Իսկ դրանից հետո արդեն վերականգնման փուլ է սկսվել:

 


Լրագորղների հետ զրույցում Արտեմ Ասատրյանը նշեց, որ աղքատության հաղթահարումը կառավարության գերակա խնդիրներից է: Ամեն տարի տնային տնտեսություններերի հետազոտություններով պարզվում է աղքատության մակարդակը և իրականացվում են վերլուծություններ, թե սոցիալական ոլորտի ծրագրերը որքանով են ազդեցություն թողնում աղքատության մակարդակի նվազման վրա:

 


«Այսօրվա պայմաններում ամենամեծ ազդեցությունը թողնում են հենց կենսաթոշակային ապահովության ծրագրերը: Չնայած դրանք միտված չեն աղքատության հաղթահարմանը, բայց միայն կենսաթոշակային ծրագրերի շնորհիվ շուրջ 2 տոկոսային կետով իջնում է աղքատությունը: Այս առաջիկա բարձրացումներն էլ ուղղված են լինելու առաջին հերթին կենսաթոշակառուների այն խմբերին, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատության գծից ներքև: Մեր նախնական հաշվարկներով՝ շուրջ 25 հազար անձ ծայրահող աղքատության գծից ավելի բարձր կենսաթոշակ կստանա առաջիկա բարձրացման արդյունքում»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը: 

 

Տեսանյութը` Lragir.am-ի: