Բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ համագումարին ընդառաջ առաջադրված Գրողների միության նախագահի թեկնածուներից է: Ծնվել է 1956թ. նոյեմբերի 23-ին՝ Երևանում: 1973-1978թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1978թ.-ից աշխատել է հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների համակարգում: 2001թ.-ից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, միաժամանակ՝ Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի ղեկավար: Դասախոսում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2004թ. մայիսին նշանակվել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար, 2006 թվականին հրաժարական է տվել՝ էլցանցի աշխատակցի հետ կապված հայտնի միջադեպի պատճառով: Բանաստեղծ է, թարգմանիչ, լրագրող, սցենարիստ:


ՀԳՄ նախագահի թեկնածու առաջադրվելու, նախահամագումարյան մթնոլորտի, նախարարի պաշտոնից հրաժարականի և այլ հետաքրքիր թեմաների մասին MediaMall.am-ը զրուցեց Հովիկ Հովեյանի հետ:


Պարոն Հովեյան, տեղեկություններ կան, որ ՀԳՄ նախագահի թեկնածու Էդուարդ Միլիտոնյանին սատարում են իշխանությունները, մասնավորապես՝ նրա լոբբինգով զբաղվում է Զորի Բալայանը: Չե՞ք կարծում, որ դա մեծացնում է Միլիտոնյանի ընտրվելու հավանականությունը, և արդյո՞ք դուք այդպիսի ճնշում զգում եք Ձեր վրա:

 

Իշխանությունները որևէ թեկնածուի չեն կարող սատարել: Իշխանությունները ընդամենը կարող են ցանկություն ունենալ ներանձնական կյանքում: Նրանք չեն կարող ստիպողաբար, դրդելով, կաշառելով հայ գրողին տանել քվեարկության, որովհետև հայ գրողը, ցանկացած գրող, ցանկացած ազգի մտավորական ապրում է ենթագիտակցականի մեկ ուրիշ տարածքում: Սա գյուղապետի կամ քաղաքապետի ընտրություն չէ, չնայած Միլիտոնյանը այս նախընտրական արշավով այդպիսի պատրանք ստեղծեց, բայց ոչ Միլիտոնյանին, ոչ մյուս թեկնածուներին, ոչ էլ էն մյուս թեկնածուներին, որ պետք է հայտնվեն համագումարի օրը (իսկ ով է ասել, որ առաջադրված երեքն են միայն արժանի), չի սատարի ոչ մի իշխանություն:

 

Այսինքն համագումարի օրը կրկին առաջադրումնե՞ր են հնարավոր:


Այո, մեր բարձրաձայնումները այդ մասին չեն լսվում, տեղ չեն հասնում: Գրողների միության համագումարը բարձրագույն մարմինն է, համագումարը ինքը պետք է առաջադրի և հաստատի իր թեկնածուներին, և շատ հնարավոր է, որ համագումարի օրը էլի առաջադրումներ լինեն: Այս դեպքում այդ խեղճ մարդիկ՝ միգուցե մեզանից ավելի լավ կազմակերպիչները, ավելի լավ գրողները, ավելի ճանաչվածները զրկվում են նախնական այս սուտի «կոմպանիայի», այս սուտի քարոզչության հնարավորություններից:

 

Իսկ ինչպես են որոշել նախընտրական քարոզչության ժամկետները, ո՞ր օրենքով, և այդ քարոզչությունը ի՞նչ ֆորմատով է իրականացվելու: Ես հիշում եմ, որ նախկինում այդ առաջադրումները և ելույթները արվում էին հենց համագումարի ընթացքում:


Որպես կանոն՝ այդպիսի բան չի եղել, նախընտրական ծրագիր Գրողների միության որևէ նախագահ կամ նախագահի թեկնածու չի ներկայացրել, սա աննախադեպ երևույթ է, որովհետև ՀԳՄ համագումարը նույն օրը պետք է առաջադրի և հաստատի իր թեկնածուներին: Սա քաղաքական ընտրություն չէ և Գրողների միության համագումարը վերաբերվում է միայն գրողներին: Այդ շոու ծրագրերի մասնակցությունը, այս քարոզարշավային այցերը հանրապետության տարբեր մարզեր և Արցախ՝ մի նպատակ ունեն՝ ձայների մեծամասնություն կորզել:

 

Պարոն Հովեյան, Ձեր մրցակից թեկնածուներից մեկը Գրողների միության նախագահի պաշտոնակատարն է, հետևաբար արդեն իսկ որոշակի լծակների է տիրապետում, չե՞ք կարծում, որ ընտրություններից առաջ մեկնարկային հնարավորությունները արդեն իսկ հավասար չեն:


Իհարկե, սա պաշտոնական դիրքի չարաշահում է: Եթե ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է նաև որպես նախագահի թեկնածու հանդես գար՝ իր լիազորությունները պետք է հանձներ մյուս քարտուղարին և ինքը բոլորիս հետ հավասար իրավունքով մասնակցեր ընտրություններին: Սա բիրտ վարվելակերպ է, այդ մասին արդեն 10 օր է՝ մենք բղավում ենք, ասում ենք հեռուստաէկրաններից, թերթերում ենք տպագրում, բայց քանի որ վարչությունը մենատնտեսային մտայնություններով է առաջնորդվում՝ կանոնադրական խախտումներով է գնում համագումարի: Համամիտ եմ Ձեզ հետ, այստեղ արդեն առավելությունը գնում է ժամանակավոր պաշտոնակատարին:

 

Դուք ինքներդ, անշուշտ, հանդիպումներ եք ունենում գրողների հետ՝ ընտրություններից առաջ: Ինչ տպավորություն ունեք, այդ լծակների կիրառումից և կանոնադրական խախտումներից հետո դուք այլընտրանքային թեկնածուներից որևէ մեկի՝ Ձեր կամ Դավիփթ Սարգսյանի հաղթանակին հավատու՞մ եք:


Այստեղ մենք պարտադրված մտել ենք խաղի մեջ: Եթե մենք հանկարծ հանենք մեր թեկնածությունները՝ կստացվի, որ բրեժնևյան ժամանակները վերադառնում են Հայաստանի գրողների միություն:

 

Իսկ չե՞ք փորձել երկու թեկնածուներով միավորվել, որպեսզի իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող գրողների քվեները չտրոհվեն:

 

Ես շիտակ մարդ եմ, իմ ամբողջ կենսագրությունը կարող է այդ մասին վկայել, երբեք ես գործարքների չեմ գնում անգամ սեփական հաջողության, սեփական հնարավորությունների գերակշռության համար: Ես նույնիսկ ինձ առաջադրող, ինձնից առավել պատրաստված, ճանաչված ու իմաստուն գրողներին ոչինչ չեմ խոստացել, և, ինչպես գրողներից մեկն է ասել, ես ամբողջ կյանքում եղել եմ մենակ մարդ, բայց այս անգամ ես հասկացել եմ, որ մենակ եմ միայն իմ մտորումներում: Ես ունեմ համախոհներ, կարող եմ թվարկել՝ Ռազմիկ Դավոյան, Վահագն Մուղնեցյան, Դավիթ Հովհաննես, Ալվարդ Պետրոսյան, Հռիփսիմե, Անահիտ Պարսամյան, Խաչիկ Մանուկյան և էլի անուններ կարող եմ տալ:

 

Դուք «Օրինաց երկիր» կուսակցության անդա՞մ եք:


Ես ՕԵԿ անդամությունից դուրս եմ եկել 2006 թվականից: Խնդրում եմ այդ փաստը շեշտեք, որովհետև մարդիկ թյուրիմացության մեջ են և կարծում են, որ եթե ես ՕԵԿ պորտֆելով մտել եմ նախարարություն՝ այդպես էլ մնացել եմ: Դա պարտադրված էր, որովհետև պորտֆելը քաղաքական էր և այն այդ տարիներին պատկանում էր վերոնշյալ կուսակցությանը:

 

ՀԳՄ նախագահի ընտրության թոհուբոհում շատ է խոսվում այն մասին, թե ինչպես Դուք սկանդալային պատմության հետևանքով հրաժարական տվեցիք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնից:


Մի քանի անգամ ես այդ մասին խոսել եմ, դրանք համարում եմ անլուրջ շուկայական խոսակցություններ: Եթե որևէ նախարար կամ քաղաքացի ինչ որ բան արած լիներ՝ կրակեր, ջարդեր, սպաներ, այդ մարդը հիմա բանտում կլիներ: Դա քաղաքական, կամ չկամ մարդկանց անձնական սադրանք էր, որ իրականացվեց: Ես այդ սուտը, այդ սադրանքը բացարձակապես հերքում եմ: Այդ թեման այնքան է ծավալվել, որ դարձել է մի տեսակ ֆոլկլոր, ինչպես Ալվարդ Պետրոսյանն է գրել, և այդ ֆոլկլորին արդեն իրենք էլ չեն հավատում: Եթե մեկի առջև որևէ լուրջ փաստարկ չունեն դնելու՝ պիտի հերյուրանքներ տարածեն, հիմա ես կարող եմ այդ հերյուրանքներ տարածողների մասին ասել, որ իրենք կամ իրանց զավակները հանցագործներ են, հոգեմետ դեղեր են օգտագործում: Եթե չկա պաշտոնական փաստ, եթե հիմք չկա, չի եղել դատ ու դատավարություն, ուրեմն համարենք, որ դա շատ գեղեցիկ ֆոլկլորային պատմություն էր, որովհետև քաղաքական խնդիրներ կային՝ ես պետք է այդ աթոռը թողնեի:

 

Այսինքն դուք հրաժարական տվեցիք, որպեսի Ձեր անվան շուրջ ավելորդ աղմուկ չծավալվի՞:


Այո, ես հրաժարական տվեցի, որովհետև հասկացա, որ սա շատ ավելի փափուկ տարբերակ է իմ հրաժարականի համար, որովհետև կարող էր ավելի վատ բան լինել:

 

Իսկ նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո ինչո՞վ եք զբաղվել: Մի տեսակ մեկուսի կյանք էիք վարում:


Այո, ես չեմ սիրում շատ երևալ մամուլում, հեռուստատեսությամբ, սակայն այժմ էլ աշխատում եմ, 2009 թվականից աշխատանքի եմ անցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Ունենք երկու մասնաշենք Երևանում, մեկ թանգարան Տավուշի մարզում: Կենտրոնն ունի 65 աշխատակից, ցուցահանդեսներ ենք կազմակերպում Չինաստանում, Սիրիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Թուրքմենստանում և այլուր, ներկայացնում ենք մեր էթնիկ մշակույթը: Այս տարի՝ նոյեմբերի 20-22-ը, կազմակերպելու ենք գորգագիտության հարցերին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը և քննարկելու ենք հայ գորգարվեստի պատմությունը: Հրավիրված հյուրեր ունենք ԱՄՆ-ից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Հրապարակել եմ երկու բանաստեղծական ժողովածու Հայաստանում, որոնց շնորհանդեսները դեռ չեմ արել, և մի գիրք էլ տպագրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ պարսկերեն թարգմանությամբ, ինչի առիթով շատ ուրախացել եմ, որովհետև հարգում եմ պարսկական մշակույթը: Ես կցանկանայի, որ լրագրողները ինձ այս թեմաներով հարցեր տային, և ոչ թե հարցնեին, թե՝ Հովեյան, դուք Մակարով մակնիշի ատրճանակից եք կրակել, թե՞ ՏՏ-ից:

 

Վարուժան Բաբաջանյան