Վարդան Աճեմյան (Սեպտեմբերի 15, 1905, Վան - Հունվարի 24 1977, Երևան), հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական Աշխատանքի Հերոս, Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր:

 

Վարդան Աճեմյանը 1915 թ-ի գաղթի ժամանակ Վանից եկել է Երևան: Առաջին անգամ թատրոնին առնչվել է 15 տարեկանում. Ալեքսանդրապոլում (այժմ' Գյումրի)՝ մի ներկայացման մեջ խաղացել է փոքրիկ դեր:

 

1924 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը (այժմ' Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1926 թ-ին' Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան:

 

Բեմական գործունեությունն սկսել է 1927-ին. կազմակերպել ու ղեկավարել է Թիֆլիսի հայկական դրամատիկական ստուդիան, ապա եղել Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան, գեղարվեստական ղեկավար, 1939 թ-ից' Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, 1953-ից' գլխավոր ռեժիսոր:

 

1944-ից դասավանդել է գեղարվեստա թատերական ինստիտուտում, 1947-50թթ.' երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: Աճեմյանի գործունեության սկիզբը համընկել է թատրոնի զարգացման այն շրջափուլին, երբ նորարարական ոգին գերիշխում էր ավանդույթներին, իսկ երևույթները ժամանակակից ըմբռնումներով ներկայացնելը պահանջում էր բեմական նոր արտահայտչաձևեր: Այդ հոսանքի առաջատարներից էր նաև Աճեմյանը:

 

Նրա ստեղծագործության ակունքն անվանի ռեժիսոր Եվգենի Վախթանգովի արվեստն էր. պատահական չէր, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի Աճեմյանի բեմադրությունը համեմատել են Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման հետ: Աճեմյանը ստեղծել է բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում», Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն: Մի շարք պիեսներ է բեմադրել Երևանի երաժշտական կոմեդիայի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Տիգրան Չուխաճյանի «Կարինե» և այլն), օպերայի և բալետի («Դավիթ Բեկ», «Անուշ» և այլն) թատրոններում: Հայ թատրոնում Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի Աճեմյանի բեմադրությունը հասել է կատարելության:

 

Նրա բոլոր ներկայացումները ստեղծվել են պատկերավոր, հավաստի, ճշմարիտ լուծումներով, ինքնատիպ մտածողությամբ: Աճեմյանի ռեժիսորական ուշագրավ աշխատանքներից են նաև Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Շիրվանզադեի «Նամուս», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել», Վրթանես Փափազյանի «Ժայռ», Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» և այլ ներկայացումներ: Նա նաև նկարում էր («Ժպիտներ, ընկերական շարժերի ալբոմ», 1968 թ.), այդ պատճառով էլ մեծ նշանակություն էր տալիս ներկայացումների նկարչական ձևավորմանը:

 

Աճեմյանի արվեստը բարձր են գնահատել ժամանակի արվեստագետները, քննադատները, նրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր:

 

Աճեմյանի անունով են կոչվել Գյումրիի դրամատիկական թատրոնը և Լոս Անջելեսի հայկական թատրոններից մեկը: