Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը: Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այժմ, ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական, և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված մենք նաև պարզաբանումներ ստացանք Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: Մինչ այս, մենք լսել ենք միայն հակառակ կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ:

 

«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ», հայտարարեց փաստաբանը:

 

Մինչ տեսանյութի դիտումը կարևոր է նաև պատկերացում ունենալ դրան նախորդող իրադարձությունների մասին, Գորիսում տեղի ունեցած հայտնի խնջույքից հետո, որին մասնակցել էին պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանը:

 

Հայտնի խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով վերադառնում է Գորիս: Ըստ քրեական գործի տվյալների Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում և չի էլ իմացել որ իր թիկնապահը վիճաբանության մեջ է մտել Ավետիք Բուդաղյանի հետ և երկու անգամ հարվածել վերջինիս:

 

«Նախ տրամաբանությունից զուրկ է մտածել, որ սահմանափակ տարածության մեջ երկուսը բավականին սուր վիճաբանության մեջ մտնեն, իսկ երրորդ անձը չլսի: Երկրորդ՝ բացարձակապես անհեթեթ է , որ թիկնապահ Զարզանդը կարող է իր շեֆի հյուրի հետ վիճաբանության մեջ մտնել և ծեծել նրան՝ առանց վերջինիս գիտության կամ անմիջական հրահանգի: Եվ երրորդը, այն որ Սուրիկ Խաչատրյանն է իրականում հարվածներ կամ հարվածների մի մասը հասցրել, նաև հաստատվում է նրանով, որ եղբայրները, ինչն արձանագրված է նաև քրեական գործում, մասնավորապես Արտակ Բուդաղյանը, դեպքի առընչությամբ հենց Սուրիկ Խաչատրյանի հասցեին էր արտահայտություններ անում: Սա արդեն վերջին մեխն է խփում այդ հիմար վարկածի դագաղի մեջ», պարզաբանում է Հայկ Ալումյանը:

 

Ավետիք Բուդաղյանը վերադարձել է տուն, երբ Արտակը տանը Ղարաբաղ մեկնելու վերջին պատրաստություններն էր տեսնում, սա հաստատված է քրեական գործի նյութերով: Ճաշելու ժամանակ Ավետիքը մտնում է տուն, նստում է սեղանի շուրջ և Արտակը նկատում է, որ եղբոր դեմքն այլայլված է /Արտակի կինը ցուցմունքում նշել է, որ կյանքում այդպիսի վատ տրամադրությամբ չէր տեսել Ավետիքին/: Արտակն ամեն կերպ փորձում է ճշտել. ինչ է պատահել ու նկատում է եղբոր դեմքին կարմրածություն: Եվ միայն այդ ժամանակ Ավետիքը սկսում է պատմել Սուրիկ Խաչատրյանի հետ ավտոմեքենայում տեղի ունեցած միջադեպի մասին:

 

Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում Ավետիքին ասել է՝ դու ով ես, որ հյուրերը մարզ գալիս քեզ հետ հանդիպեն, ես եմ Սյունիքի մարզպետը ու սրանից հետո այլ կերպ է լինելու, ձեր բիզնեսի կեսն էլ պիտի տաք ինձ: /Այս մասին են վկայում Արտակ և Էմիլ Բուդաղյանների ցուցմունքները քրեական գործում/: Ավետիքն այս ամենի մասին պատմում է Արտակին, ով շատ վրդովված ասում է, որ Խաչատրյանից պետք է բացատրություն պահանջել, սաստել: Եղբայրների միջև է վեճ ծագում: Ավետիքն արգելում է Արտակին միջամտել:

 

Արտակը վիրավորված Ավետիքից, այնուամենայնիվ, որոշում է ճանապարհվել Ղարաբաղ' զգուշացնելով եղբորը, որ անհրաժեշտության դեպքում վերջինս կարող է գալ Ղարաբաղ և այնտեղ խոսեն: Նա դուրս է գալիս տանից՝ փորձելով հանդարտվել: Ավետիքը անհանգստացած սկսում է զանգել եղբորը, վերջինս, սակայն, դեռ վիրավորված ու նեղացած լինելով' չի պատասխանում եղբոր զանգերին:

 

Ավետիքն անհանգստացած նստում է մեքենա և քշում դեպի Սուրիկ Խաչատրյանենց տան մոտ' մտածելով, որ եղբայրը գնացել է այնտեղ, սակայն պարզում է, որ, որ Արտակն այստեղ չէ: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես Ավետիքը մեքենայով մոտեցավ , տեսավ որ եղբայրը չկա, մեքենայով մանևր է անում, որ հեռանա և այդ ժամանակ արդեն Սուրիկ Խաչատրյանի մերձավորները մոտենում են մեքենային և սկսում քաշքշել Ավետիքին:

 

Իսկ Արտակն այդ ժամանակ ճանապարհվում էր Ղարաբաղ ու նրա ճանապարհը Սուրիկ Խաչատրյանի տան հարևանույամբ, այդ ճանապարհին զուգահեռ է և այդ ճանապարհով գնալիս տեսնում է որ իրենց մեքենան էնտեղ է ու ինչ որ իրադարձություններ են տեղի ունենում: Նա հասկանում է, որ Ավետիքն է: Անմիջապես շրջում է մեքենան ու գալիս դեպի Սուրիկ Խաչատրյանի տան մոտ:

 

Տեսանյութում երևում է ,որ Արտակը գալիս է այն պահին, երբ Ավետիքին քաշքշում են: Ավետիքը կտրվում է իրեն քաշքշողներից և մեքենայով կտրուկ փակում է Արտակի մեքենայի ճանապարհը: Տեսանյութում պարզ երևում է նաև, որ նույն մարդիկ նորից մոտենում են Ավետիքի մեքենային, բացում են դուռն ու էլի սկսում քաշքշել ու խփել Ավետիքին: Ապա, քաշքշողներից երեքը շրջանցելով Ավետիքի մեքենան, գալիս են դեպի Արտակի մեքենան: Դա վայրկյաններ է տևում:

 

«Արտակի մեքենայում առկա է եղել մի որսորդական հրացան , ընդ որում քանդած վիճակում և առանց փամուշտի, դա քննությամբ ապացուցված է: Արտակը եթե մտադրված լիներ գալ ու հարձակվել, ինքը զենքով կգար, այն էլ շատ լուրջ զենքով: Արտակը ձեռքը գցում է այդ զենքին, որ մոտիկ չգան իրեն: Տեսանյութից երևում է , թե հինգ տղամարդն ինչպես են ցրվում այդ տեղից, մնում են միայն երկու կին, որոնցից մեկն էլ Խաչատրյանի կինն էր»:

 

Ավետիքն այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս/այս ընթացքում առաջին անգամն է դուրս գալիս մեքենայից/ և այդ երկու կնոջ հետ Արտակին համոզում են հեռանալ դեպքի վայրից՝ տանելով նրան բավականին հեռավորության վրա:, Հանգստացնում, հանդարտեցնում են նրան, որից հետո կրկին ավտոմեքենաների մոտ են վերադառնում տղամարդիկ:

 

Եվ երբ ամեն ինչ արդեն վերջացել էր և այն երկու կինն էլ արդեն հետ էին գալիս Սրտակի մոտից, Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է հրացանով ավտոմեքենաներից մեկի հետևում և երեք անգամ կրակում եղբայների ուղղությամբ:

 

«Փաստացի միջադեպն արդեն ավարտվել էր և Արտակն արդեն հանդարտվել էր, այսինքն այդ պահին Արտակ Բուդաղյանը ոչ մի վտանգ չէր ներկայացնում իրենից: Ինքնապաշտպանության մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ այդ մարդն անմիջականորեն է վտանգ ներկայացնում այդ պահին», ասում է Հայկ Ալումյանը:

 

Տիգրան Խաչատրյանի արձակած երեք կրակոցներից մեկն Արտակին է դիպչում, իսկ երկուսը' Ավետիքին, ով միայն բաժանողի դերում էր հանդես գալիս:

 

«Նա անգամ մեքենայից չէր իջել մինչ այդ, և նրանից երբևէ ոչ մի սպառնալիք չի եղել: եվ երբ Ավետիքը տեսնում է, որ եղբայրը կրակոցից հետո վեր չի կենում և ինքը վիրավոր է, նոր գտկատեղից հանում է իր զենքն ու գալիս կրակողների ուղղությամբ: Նրա վրա կրակոցները շարունակվում են: Եվ այդ ամեն ինչից հետո, երբ Ավետիքն արդեն ընկած էր, նրա վրա շարունակում են կրակել: Վերջին կրակոցները եղել են ընկած ժամանակ և նրա կողքին՝ ասֆալտին հետքերը կան: Ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը», հարցնում է փաստաբանը:

 

Առաջին երեք կրակոցները արձակվել են Տիգրան Խաչատրյանի կողմից: Կրակոցների ընդհանուր թիվը 13-ն է: Ստացվում է 11 կրակոց Խաչատրյանների կողմից և 2 կրակոց Բուդաղյանների կողմից: Ընդ որում առաջին երեք կրակոցերն էլ առաջինի կողմից են:

 

«Քննիչներն ասում են, որ ընդամենը երկու հոգի է կրակել' Զարզանդն ու Տիգրանը: Քննիչները ճիշտ չեն ասում: Նախ իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանն ասում է, որ վերևից կրակոց է տեսել և դա պետք է անպայման ստուգվեր և մանրակրկիտ քննության ենթարկվեր: Ես մի շարք հիմնավորումներ կարող եմ ասել, որ խոսում են վերևից եղած կրակոցի օգտին: Վերևում տան մեջ եղել է Սուրիկ Խաչատրյանը: Նախ, տեսանյութում երևում է, որ կրակոցից ասֆալտի վրայից կայծ է թռչում: Այսինքն, որպես կանոն կտրուկ վերևից դիպչելու դեպքում է արտացոլումը տեղի ունենում՝ կայծը թռչում է դեպի վերև: Կայծերի արտացոլումից կարող եք տեսնել, որ ամենայն հավանականությամբ, կրակոցը եղել է վերևից,-ասում է Հայկ Ալումյանը,-սակայն Երկու- երեք ամիս հետո նոր որոշեցին ասֆալտի վրա փնտրել հետքը, պարզ է, որ չէին գտնի»:

 

Ավետիք Բուդաղյանի վնասվածքներից ամենածանրը' որովայնի միջի գնդակի ուղղությունը վերևից՝ ներքև է:

 

«Կա երկու տարբերակ, կամ վերևից կրակոց է եղել, երբ Արտակը դեռ գետնին ընկած չէր, այ դեպքում կրակոցը վերևից է, պետք է գտնեին վերևից կրակողին, կամ էլ Արտակն ընկած ա եղել և կրակել են : Իսկ եթե Արտակն ընկած ա եղել, ուրեմն ինքնապաշտպանթյան մասին այլևս խոսք լինել չի կարող», պնդում է փաստաբանը:

 

Վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ:

 

«Այսինքն և ձայնով է ինքն ուրիշ և իր հնչեղությամբ: Եվ որպեսզի այդ բանն էլ շրջանցեն, փորձագետները նշել են, որ երկու միաժամանակյա կրակոցներ կարող էին եղած լինել: Բա այդ դեպքում որտեղ է 14-րդ պարկուճը: Բայց երբ դուք լսեք, ձեզ մոտ կասկած չի մնա որ այդ կրակոցը հստակ մեկն է եղել և շատ բարձր և ձայնագրող սարքին էլ շատ մոտ տեղից է արձակվել, այն իր ձայնով տարբերվում է մյուս կրակոցներից», համոզված պնդում է փաստաբանը՝ հավելելով,-

 

Այս ամեն ինչն իրար հետ վերցրած կարող ենք ասել, որ կրակոց եղել է նաև ոմն երրորդ անձի կողմից, ամենայն հավանականությամբ տնից, իսկ տանն այդ ժամանակ եղել է միայն Սուրիկ Խաչատրյանը:»

 

 

jfhr.am