MediaMall.am-ը քիչ առաջ տեղեկատվություն էր ստացել, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1999 թ. ծնված, Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երևանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Աղջիկը տառապում է ալալիկ հիվանդությամբ՝ չխոսկանությամբ, և մտավոր թերհաս է:
Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 155 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, երկար, շագանակագույն մազերով, շագանակագույն աչքերով:
Հագին եղել է երկարաթև սպիտակ գույնի կապույտ գծերով վերնաշապիկ, ջինսե կապույտ տաբատ, սև հողաթափեր:
Մեր ընթերցողներից մեկը մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով մեզ տեղեկացրել է, որ տեսել է որոնվող երեխային:
«Բարև Ձեզ քիչ առաջ Ձեր նյութը կարդացի կապված անչափահաս աղջկա անհետանալու վերաբերյալ.. էսօր տեսել ենք այդ աղջկան Քանաքեռում Ռուսական եկեղեցու դիմաց Աղբամանի մոտ կրակ էր վառել ու տաքանում էր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մենք տեղեկատվությունը փոխանցեցինք ՀՀ Ոստիկանությանը: Քիչ անց մեզ զանգահարեցին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից և տեղեկացրին, որ որոնվող աղջիկը գտնվել է: