Այսօր կեսօրին Գյումրիում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ 20 համարի երթուղին այլևս չի գործում, և որ այսօրվանից ուղղությունը սպասարկելու է «Էքսպրես» միկրոավտոբուսային երթուղայինը: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել են նաև Գյումրու քաղաքապետարանից: Սակայն արդեն ժամը 14-ի սահմաններում վաղ առավոտից չգործող 20 համարի երթուղին վերականգնել է իր աշխատանքը: Ինչո՞վ է պայմանավորված երթուղու անկանոն գործունեությունը: Վարորդներից մի քանիսը մեր լրագրողի հետ զրույցում նշել են, թե երևանյան ինչ-որ կազմակերպությունից այսօր ակտավորել են երթուղին սպասարկող ընկերությունը, ինչի պատճառով երթուղին ժամանակավոր չի գործել:

 

Վարորդները չեն թաքցրել նաև այն, որ աշխատանք կորցնելու վտանգ կա առաջիկայում, սակայն չեն մանրամասնել, թե ինչ է կատարվում և կամ ինչ խնդիրների առաջ է կանգնել երթուղին սպասարկող ընկերությունը:

 

Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակը խնդիրը մեկնաբանել է այսպես. Գյումրու քաղաքապետի որոշմամբ կասեցվել է 20 համարի երթուղու աշխատանքը: Մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ պատճառով է նման որոշում կայացրել Սամվել Բալասանյանը, և կամ արդյոք քաղաքապետը նման լիազորություն ունի՞, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երթուղին սպասարկող ընկերությունն ընտրվում է մրցութային հանձնաժողովի կողմից: Ըստ մամլո խոսնակի՝ քաղաքապետը գործել է համաձայն կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի 762 որոշման, հայտնաբերվել է պահանջներին անհամապատասխանություն, մի քանի կոպիտ խախտումներ և նման որոշում ընդունվել: Ինչպիսի՞ խախտումների մասին է խոսքը, և կամ ինչ պատճառով հիմա հայտնաբերվեցին այդ խախտումները. մեր լրագրողի այս հարցերին քաղաքապետարանի մամլո խոսնակը արձագանքել է այսպես. «Համաձայն կառավարության այդ որոշման՝ մրցույթին մասնակցող ընկերությունը պետք է ունենա տվյալ երթուղին սպասարկող մեքենաների գոնե կեսը, սակայն 20 համարի երթուղում գործող միկրոավտոբուսները սեփականություն չեն եղել, այլ վարձակալված տրանսպորտային փոխադրամիջոցներ: Իսկ այդ պարագայում նշված ընկերությունն ըստ օրենքի նույնիսկ մրցույթին մասնակցելու իրավունք չի ունեցել»,- նշել են քաղաքապետարանից: Վարորդները նշել են, որ եթե իրենց գործունեությունն արգելվի քաղաքապետարանի կողմից, ապա իրենք կդիմեն բողոքի գործողությունների:

 

ԳԱԼԱ-ի լրագրողը հետաքրքրվել է՝ եթե կա քաղաքապետի որոշումը, և երթուղին շարունակում է իր գործունեությունը, դա ի՞նչ է նշանակում, երթուղու սեփականատերը այդպիսով բեկանո՞ւմ է քաղաքապետի որոշումը. «Կարծում եմ այդ հարցով պետք է զբաղվի ճանապարհային ոստիկանությունը»,- նշել է Զոհրապ Եգանյանը: