Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ.

 

«Լինելով հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկը և բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ իր գոյության տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն և իր մասնաճյուղերը տնտեսության տարբեր ոլորտներ են գործուղել տասնյակ հազարավոր բարձրորակ կադրեր: Ուրախալի է, որ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների և շրջանավարտների գիտելիքը և ներուժն այսօր էլ շարունակում են պահանջված լինել:

 

Չնայած անցած տարիների դժվարություններին՝ Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը Հայաստանի բուհական համակարգում: Ներկա փուլում Հայաստանի ամենակարևոր խնդիրների շարքում է ժամանակին համընթաց քայլելու և տեխնիկական նորագույն ձեռքբերումներին տեղեկացված լինելու անհրաժեշտությունը: Այսօր պետք է հնարավորինս արագ մեր ժողովրդին հասանելի ու մատչելի դարձնենք աշխարհի տարբեր վայրերում ստեղծվող տեխնիկական նորամուծությունները:

 

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, այս նշանակալի հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ կրթության ասպարեզում և գիտական նվաճումներ: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու մասնագիտական կարողությունները մշտապես պահանջված են լինելու' իրենց արժանի կիրառումը գտնելով կյանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: