Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հետաձգեց պաշտոնատար անձանց բնակարաններում գողություններ կատարողների՝ «Բանդայի գործով» նշանակված հերթական դատական նիստը: Պատճառը դատախազներ Գեւորգ Երեմյանի եւ Ջոն Ֆարխոյանի դատարան չներկայանալն էր:
Դատավորը ասաց, որ դատարանը դատախազությունից որեւէ տեղեկատվություն չի ստացել, մինչդեռ ըստ մամուլի, դատախազներն ազատվել են աշխատանքից: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 28-ին: Տեղեկացնենք, որ արդեն չորրորդ նիստն է, ինչ դատարանում հետազոտվում են ապացույցները, դատական վիճաբանությունների փուլում ենք:
Դատական նիստի ավարտից հետո դիմեցինք ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանին: Նա մեզ հետ զրույցի ժամանակ անդրադարձավ ոստիկանների կողմից իր պաշտպանյալի ավտոմեքենայի խուզարկության արձանագրությանը, այն համարեց զավեշտալի, եւ «շնորհակալություն» հայտնեց ոստիկաններին, որոնք խուզարկության ժամանակ կարողացել են միայն թմրանյութ գցել ավտոմեքենայի մեջ: