Երեկ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Տավուշի մարզում Բերդ-Իջևան ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող զոհվել էր։ Լուրեր են շրջանառվում, որ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակ են լինելու շուրջ մեկ շաբաթ։

 

Լուրերի իսկությունը ճշտելու նպատակով Ռազմինֆոն կապ է հաստատել  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ «Շատ հնարավոր է, որ ավտոճանապարհի նշված հատվածները որոշ ժամանակով փակվեն՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,-հաստատել է խոսնակը։

 

Լրատվամիջոցի հարցին, թե ինչ նորություններ կան հակառակորդի կրակից վիրավոր զինծառայողների վիճակի վերաբերյալ, պարոն Հովհաննիսյանը հայտնել է, որ նրանցից մեկը դուրս է գրվել, մյուս երկուսին տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ «Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Երևան տեղափոխել են զուտ մեր վերահսկողության ներքո պահելու համար»,-հավաստիացրել է ՊՆ խոսնակը։

 

Արդյոք ադրբեջանցիների ակտիվությունը պայմանավորված էր պաշտպանության նոր նախարարի՝ Զաքիր Հասանովի նշանակմամբ հարցին Արծրուն Հովհաննիսյանն ասել. «Միայն կարող եմ ասել, որ հակառակորդի ցանկացած սադրանք լռեցվելու է ոչ միայն պատասխան, այլև շեշտակի գործողություններով։ Պատասխանատվությունն ամբողջովին ադրբեջանական կողմի վրա է»:

Լրատվամիջոցը կապ է հաստատել նաև Տավուշի մարզի Պառավաքարի համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանի հետ։ Վերջինս մեկնաբանել է, որ գիշերն ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, «ընդմիջումներով կրակել են, անսովոր բան չկա, գյուղացիների շրջանում լարվածություն չկա»։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա։

 

Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

 

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

 

 

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակին: