ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, տեսչական բարեփոխման շրջանակում, որի համաձայն մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում արգելվում է ստուգում անցկացնելը:

 

Երևանում անցկացվելիք «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը. տեղեկատվական ասպեկտ» միջազգային գիտաժողովը կազմակերպելու համար կառավարության որոշմամբ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել մոտ 2.5 մլն դրամ: Գիտաժողովը նվիրված է աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակցության, տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում քաղաքական և տեղեկատվական ազդեցության ու հակազդեցության նպատակների, մեթոդների, տեխնոլոգիաների քննարկմանը:

 

Վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ' իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է շուրջ 14 մլն դրամ, որից 5 միլիոնը' կառավարման ապարատի կահույքի և տեխնիկայի ձեռքբերման, 9 միլիոնը' Երևանի պարարվեստի քոլեջի ջեռուցման համակարգի կառուցման համար:

 

Գործադիրը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Երևանի «Սպարտակ» մարզահամալիրի ատլետիկայի տանիքի հիմնանորոգման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 30 մլն դրամ: Եվս 15 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիային' 2013թ. հոկտեմբերի 27-ից 30-ը Երևանում անցկացվելիք բալկանյան երկրների միջոցառման կազմակերպման ու անցկացման նպատակով: