ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստանում շրջանառության մեջ դրված նոր հսկիչ դրամարկղային մեքենաների բարձր արժեքը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանեց՝ որակով:
Իսկ մինչ այդ Խաչատուր Քոքոբելյանը ընդգծեց, թե շուկայում այդ հսկիչ դրամարկղակին մեքենաների գինը 370-390 հազար դրամ է կազմում այն դեպքում, երբ նախկինում դրանց արժեքը կազմում էր 88 հազար դրամ, ինչն ըստ նրա՝ մաքսային վճարի 3,7-3,9%-ն է։
Քոքոբելյանը նաև հարցրեց, թե մեքենաներ ներմուծող ՊՈԱԿ-ը որտեղի՞ց է դրանք ներմուծում և ինչու՞ թույլ չի տրվում ներկրել նաև սովորական քաղաքացիներին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե ՀՀ-ում առաջին անգամ է ներդրվում մեկ միասնական համակարգ։ «Հսկիչ դրամարկղների միջոցով միասնական բազա է ստեղծվում, և առաջին փուլում մեքենաների համար ավելի բարձր գին է սահմանված, քան նախկինների համար, քանի որ սրանք բազմաֆունկցիոնալ են, իսկ նախկինները նման հնարավորություն չունեին»,-նշեց նա։
Վարչապետը նշեց, որ այդ հսկիչ մեքենաներով հնարավոր է կապ հաստատել կենտրոնական սերվերի հետ, բացի այդ նաև տնտեսվարող սուբյեկտի համար նոր լրացուցիչ ծառայություններ է նշանակում. հաշվարկները ծրագրային ձևով նրանք կարողանում են իրականացել, սարքերը նաև հզոր հիշողություն ունեն։ «Մի խոսքով՝ սա շատ առաջադիմական համակարգ է»,-նշեց նա։
Իսկ թե ինչու է առաջին փուլում այսքան թանկ, վարչապետն ասաց, որ առաջին փուլում հիմնական սպառողը խոշոր ձեռնարկություններն են: Վարչապետը նաև նշեց, թե հաշվիչ մեքենաներ ներկրել կարող են նաև այլ ընկերություններ՝ սակայն իրենց կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում։