ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանն ափսոսում է, որ Զարուհի Փոստանջյանը հեռացվեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից։

 

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ա. Ռուստամյանն ասաց, որ պատվիրակության կազմում Փոստանջյանի չընդգրկվելը կարող է մեծ կորուստ լինել:

 

«Կար մի դաշտ, որը Զարուհին շատ լավ իրականացնում էր և այդ դաշտում, կարելի է ասել, Զարուհին անգերազանցելի էր, ուստի նրան հեռացնելու փաստը մեզ համար մեծ կորուստ կարող է լինել, քանի որ Զարուհին աշխատել է բոլորից ավելի լավ»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

 

Պատասխանելով հարցին, թե այդ որոշումը որքանո՞վ է կապված Սերժ Սարգսյանին ուղղված Փոստանջյանի հարցի հետ, Ա․Ռուստամյանն ասաց, թե ֆորմալ առումով այդպիսի բան պնդել չի կարող, քանի որ վերջնական որոշումներ կայացնելն ԱԺ նախագահի լիազորությունն է:

 

«Ես հասկանում եմ, որ այս ենթատեքստի մեջ կարելի է այդպիսի ասոցացումներ ունենալ, բայց ավելին պնդել չեմ կարող, քանի որ խոսքը գնում էր բոլոր պատվիրակությունների կազմերի ձևավորման մասին, հատկապես այն դեպքում, որ փոփոխություններ կատարվել են բոլոր պատվիրակություններում»,- եզրափակեց խոսքը Ա. Ռուստամյանը: