Ադրբեջանը կասեցրել է «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի կառույցում իր պատվիրակության գործունեությունը: Այդ մասին ասված է «Եվրանեստ» խորհդրարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի տարածած հայտարարության մեջ. գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Հայտարարության մեջ նշված է, որ այդ որոշման պատճառ է հանդիսացել նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 32-րդ կետը, որում նշվում է, որ հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանում ԵԱՀԿ չափորոշիչներին և պահանջներին: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նշել է, որ նույն Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը դրական է գնահատել ընտրություններն իրենց երկրում' անվանելով դրանք թափանցիկ և արդար:

 

«Չնայած 4 միջազգային կազմակերպություններից 3-ի դրական գնահատականին' մասնավորապես' Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից, Եվրախորհրդարանը իր բանաձևը կազմելիս հիմնվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կողմնակալ զեկույցի վրա, որի կազմում ստորակարգ պաշտոնյաներ են ընդգրկված, ինչը մեծ հարված է հասնում Մարդու իրավունքների գրասենյակի վարկանիշին»,-ասված է տարածած հայտարարության մեջ: Քանի դեռ հետաքննություն չի տարվել և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, Ադրբեջանի պատվիրակությունը ստիպված է կասեցնել Եվրախորհրդարանի կողմից ստեղծված «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում իր գործունեությունը:

 

«Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել էր 2009թ. մայիսի 7-ին «Արևելյան գործընկերության» Պրահայի գագաթնաժողովում' իբրև մարմին, որը պատասխանատու է խորհրդարանական քննարկումների և «Արևելյան գործընկերության» ծրագրերի մոնիթորինգի ու վերահսկողության համար: