2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 3,7%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 273 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 122.2 մլն խ.մ, ինչը 0,5%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը:
Գազի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 8,7%-ով բնակչության եւ 14,9 %-ով էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով համապատասխանաբար 361.7 եւ 112.8 մլն խ.մ:
Ընթացիկ տարվա ինն ամիսներին գազի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 10,8%-ով արդյունաբերության ոլորտի եւ 1.7%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 200.7 եւ 115.9 մլն խ.մ: 8,8%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 331.1 մլն խ.մ:
Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն։