Վրաստանի առաջիկա նախագահական ընտրություններին վիրահայությունը ավանդույթի համաձայն իր ձայնը կտա իշխանության թեկնածուին՝ «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին: Tert.am-ի հետ զրույցում իր կանխատեսումն արեց ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների շրջանում ավանդույթ է իշխանության օգտին ձայն տալը և իր կարծիքով այս անգամ էլ բացառություն չի լինի:

 

«Վրաստանի նախագահի ղեկավարած «Վրացական ազգային շարժում» կուսակցության թեկնածուն, իմ կարծիքով, հազիվ 5% ձայն հավաքի, եթե, իհարկե, խարդախություն չանեն: Ասում են՝ մինչև 30% ձայն են ուզում գրանցեն իրենց օգտին»,- ասաց նա:

 

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին է կայանալու Վրաստանի նախագահական ընտրությունները, որին առաջադրված է 23 թեկնածու: Նրանցից առավել մեծ հնարավորություններ ունեցող թեկնածուներ են համարվում երեքը՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, դեռևս գործող նախագահի ղեկավարած «Վրացական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բագրաձեն, «Ժողովրդավարական շարժում՝ հանուն միասնական Վրաստանի» շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն:

 

Միաժամանակ Վահագն Չախալյանը նշեց, որ նախագահի այս ընտրությունները տարբերվում են նախորդներից՝ ավելի ազատ են և ուժային կառույցները, կարծես, նախկինի պես չեն միջամտում գործին:

 

«Մինչև օրս ակտիվություն չի երևում ուժային կառույցների կողմից: Ընդդիմադիր ուժերը կարողանում են իրենց նախընտրական քարոզարշավն իրականացնել, չեն պարտադրում ժողովրդին ու ազատ են իրենց ընտրության մեջ»,- ասաց նա:

 

Վահագն Չախալյանը նաև ընդգծեց, որ ընթացող քարոզարշավի ժամանակ թեկնածուների կողմից խոստումներ գրեթե չեն տրվում ազգային փոքրամասնություններին՝ այդ թվում նաև վիրահայությանը:

 

«Առանձին զրույցների ժամանակ ինչ-որ բաներ ասում են, բայց խոստումներ էդպես չեն տրվում: Դե վարչապետը եկել էր Ջավախք ու հայտարարում էր, որ հայոց լեզուն պետք է պահպանվի: Խորքային, կոնկրետ քայլեր չեն առաջարկում, թե ինչպես է պահպանվելու մեր լեզուն ու մշակույթը Վրաստանում: Ավելի շուտ խոսում են տնտեսական հարցերի շուրջ, գիտեք, որ Ջավախքում այս խնդիրը կա ու շեշտը դրվում է տնտեսական ուղղության վրա»,- ասաց նա:

 

«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրենՎահե Սարգսյանը ևս համոզված է, որ վիրահայությունը իր նախապատվությունը տալու է «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուին:

 

«Նախորդ խորհրդարանական ընտրությունները և ընդդիմության հաղթանակը Ջավախքում կոտրեցին այն կարծրատիպը, որ երկրի իշխանություններն անպարտելի են, և շատ ջավախահայեր այսօր գնում են ընտրությունների՝ ելնելով սեփական հաշվարկներից: Ամեն դեպքում կրկին առաջատարը իշխողն է»,- ասաց նա:

 

Վահե Սարգսյանն ընդգծեց, որ թեև վերջին մեկ տարում դեռևս չեն իրականացվել էական տեղաշարժեր, գոնե այնպիսիք, ինչպիսիք խոստանում էր իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին իր նախընտրական քարոզարշավի շրջանում կամ ՀՀ կատարած այցի ժամանակ, սակայն ջավախահայության մոտ դեռ թարմ են սաակաշվիլիական վարչակարգի իրականացրած բռնությունների ու ստեղծած բարոյահոգեբանական հեղձուցիչ մթնոլորտի մասին հիշողությունները:

 

«Այդ ամենի վերացման անչափ կարևոր փաստն էլ բավական է, որ ընտրողների մեծամասնությանը կողմնորոշվի դեպի Գեորգի Մարգելաշվիլին: Ջավախահայությունն իր սպասած փոփոխությունների դանդաղեցումը կապում է նաև երկրում դեռևս Սաակաշվիլու ազդեցության առկայության և խանգարիչ գործունեության հետ: Այսինքն՝ Իվանիշվիլիի իրական դեմքը և քաղաքական վարքագիծը երևալու է հոկտեմբերի 27-ից հետո»,- ասաց նա և ավելացրեց, որ ընդդիմադիր թեկնածու Դավիթ Բաքրաձեն Ջավախքում ձայներ կարող է հավաքել միմիայն նախկին և ներկա տեղական պաշտոնյաների անձնական ջանքերի շնորհիվ, այն պաշտոնյաների, որոնք շարունակում են գործել Սաակաշվիլու թիմում և ակտիվորեն ներգրավված են քարոզարշավի մեջ:

 

Վահե Սարգսյանը նշեց, որ այս անգամ խոստումներ չեն տրվել վրացական ծագում չունեցող ժողովուրդներին, ավելին՝ նրանց զարգացումը կամ ինտեգրումը երկրի հասարակական-քաղաքական կյանքին տեսնում են նրանց շրջանում վրացերենի ավելի ակտիվ տարածման, ամրապնդման մեջ, այնինչ դա չի բխում ազգային ինքնության պահպանման տեսանկյունից:

 

«Ջավախահայությունը պահանջում է հայերենի կարգավիճակ, ՀՀ-ի հետ մշակութային շփումների դյուրացում, իսկ ջավախահայությանը խոստանում էին, որ կբացվի համալսարան և կրթական ոլորտում այլ բարեփոխումներ կարվեն: Բայց այս երևույթն ունի խորքային պատճառներ և կապված է Վրաստանում աշխարհիկ և կրոնական բարձրագույն խավի կողմից մոնոէթնիզացումը կամ վրացացումը որպես գերակա ուղղություն հռչակելու հանգամանքի հետ»,- բացատրեց Վահե Սարգսյանը:

 

«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրենը նաև ավելացրեց, որ հոկտեմբերի 27-ից հետո Վրաստանի հայության շրջանում, Ջավախքում դեռ կպահպանվեն հուզող խնդիրները՝ ունենալով խորացման միտումներ, սակայն տարբերությունը հնարավոր է լինի միայն այն, որ հայությունը կունենա այդ խնդիրները բարձրացնելու իրավունքի ազատություն, ինչը գրեթե բացակայում էր սաակաշվիլիական ռեժիմի ժամանակ: