Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտումը բոլորի պատիվն է, այդ թվում՝ ՀՀ նախագահի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան՝ անդրադառնալով «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման՝ այսօր կազմակերպված երթին, որի մասնակիցները նախագահին նամակ էին հանձնել՝ խնդրելով, որ վերջինս իր վերահսկողության տակ վերցնի այդ գործի բացահայտումը։

 

Հարցին, թե արդյոք դա ընդդիմադիր ՀՅԴ-ի համար իշխանություններին վստահելու նշան չէ, ՀՅԴ Բյուրոյի անդամը պատասխանեց. «Ի վերջո իրենց ձեռքում են այն բոլոր լծակներն ու հնարավորությունները, որոնք կարող են գործի բացահայտման ուղղությամբ որևէ արդյունք տալ: Եթե օրինակի համար անցած լիներ մեր օրենքի նախագիծը մասնավոր խուզարկության մասին, մենք հիմա վաղուց մասնավոր խուզարկու էլ էինք վարձել, բայց այդ հնարավորությունը Հայաստանի այսօրվա օրենսդրությունը չի տալիս, դրա համար մենք ունենք այն, ինչ ունենք ու հորդորում ենք, որ սա բոլորի պատվի հարցն է, որ այս գործն օր առաջ բացահայտվի»:

 

Պատգամավորի խոսքով՝ տխրեցնող նախադեպեր կան, որ եթե գործը քաղաքական ենթատեքստ է ունենում, դրա բացահայտումը դժվարանում է, ինչը խոսում է երկրում շատ լուրջ խնդիրների մասին, և դա միայն Հրաչ Մուրադյանի հարցը չէ:

 

«Նախագահի պարտավորությունն է ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, բնականոն գործունեությունից շատ հեռու է այն ամենն, ինչ մենք այսօր տեսնում ենք այդ ճյուղերի մեջ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ոչ միայն այդ ճյուղերն են թերանում, այլ նաև նախագահը:

 

Անդրադառնալով ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ իրենց հանդիպմանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները և նշել, որ արդեն 7 ամիս է, ինչ գործը տեղից չի շարժվում. «Դատախազը մեզ վստահեցրել է, որ սա իր համար կարևոր գործերից մեկն է լինելու»: