Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի ուղեւորուհու՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանի վիրահատությունը ձգձգվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

 

Նրան դեռ պետք է վիրահատեին հոկտեմբերի 25-ին, սակայն ֆիզիոլոգիական վիճակից ելնելով՝ բժիշկները վիրահատություն չէին արել: Բժիշկները հույս ունեն, որ աղջկա վերին վերջույթների վիրահատությունը այս շաբաթ կարվի: «Երբ վիճակը թույլ տա, կվիրահատենք, հուսանք՝ այս շաբաթ կանենք վիրահատությունը»,-ասել է Կարեն Մանուկյանը:

 

Դեպքի առթիվ ոստիկանությունում դեռ շարունակվում են նյութեր նախապատրաստվել, նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռ չեն եկել, դրանք կտեւեն ամիսներ:Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեռեւս Մարիամ Սարգսյանը չի հարցաքննվել, քանի որ նա ի վիճակի չէ ցուցմունք տալու:

 

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:

 

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:

 

Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում' Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր: