Սոցիալական բնակարանները, որոնց մասին տարիներ շարունակ միայն խոսվում է, այդպես էլ չեն կառուցվի: ՀՀ կառավարությունն այդպես է որոշել: Նշենք, որ դրանց նպատակը, ինչպես ներկայացվում է, ոչ միայն բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին էժան բնակարաններով ապահովելն է, այլև վթարային շենքերի բնակիչներին անվտանգ բնակտարածքներ տեղափոխելը: Այս ծրագրի փորձնական գործարկումը մայրաքաղաքում արդեն իսկ պետք է մեկնարկեր 2014թ., իսկ դրա հաջողության դեպքում, շարունակվեր նաև մարզերում:
Բայց կառավարությունն այդ նպատակի իրականացման համար բյուջեում գումար չի նախատեսել: Դե իսկ այս տարի մարտի 7-ին ընդունած սեփական որոշումը չկատարելու հարցն էլ լուծվել է' ժամկետների փոփոխության շնորհիվ: Նախատեսված 2014-2015թթ. փոխարեն կառավարության նոր որոշմամբ սահմանվում է 2017-2018թթ:
Բայց սա դեռ ամենը չէ: Բացի այն, որ նոր բնակարաններ գոնե առաջիկա 4-5 տարիներին չեն կառուցվելու, չի իրականացվելու նաև 2014-ին նախանշված մեկ այլ ծրագիր' «Մասնագիտացված կազմակերպությունների կողմից սողանքային վտանգի և ռիսկի աստիճանի գնահատման նպատակով սողանքային տեղամասերի ինժեներական հետազոտությունների իրականացում և հետազոտությունների արդյունքներով բնակիչների վերաբնակեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում»: Այս ծրագիրը ևս հետաձգվում է մինչև 2017թ.:
Ուսումնասիրությունների համար ևս բյուջեում փող չկա: Ի դեպ, նշենք, որ 2012թ. նոյեմբերին կատարված վերջին ուսումնասիրության արդյունքներով' 26 բազմաբնակարան շենքերի 999 բնակարանների և 1115 բնակելի տների տեխնիկական վիճակը գնահատվել է 4-րդ աստիճանի վնասվածության: Հենց այս ուսումնասիրության արդյունքներոը հաշվի առնելով էլ 2013-ի մարտի 7-ին ընդունած իր որոշման մեջ կառավարությունը գրել էր . «4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի կոնստրուկցիաների վիճակը վթարային է և շենքը վտանգավոր է' հետագա շահագործման համար:
Այդ շենքերի բնակիչները ենթակա են վերաբնակեցման»: Բայց հիմա էլ, պարզվում է, փոշմանել է ու որոշել փլուզման ամենօրյա վախով ապրող ավելի քան 2000 այս ընտանիքներին թողնել ճակատագրի քմահաճույքին' առնվազն ևս 5 տարի:
Իսկ թե որքան ժամանակ կանգուն կմնան վթարային ու սողանքային տարածքում կառուցված տներն ու շենքերը, կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ դրանք էլ են պարտավոր ենթարկվել իր ընդունած որոշումներին:
«Փաստինֆո»