«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների ՝ դեպի ՀՀ նախագահի նստավայր երթի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների տեսանյութից, ակնհայտ է, որ երթի մասնակիցների կողմից հնչել են բռնության և չարտոնված երթի կոչեր, եղել է ինքնաշեն պայթուցիկների գործածում:
Tert.am –ի հետ զրույցում նման նախնական գնահատական տվեց ԱԺ Ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով այս նախնական եզրահանգման է եկել՝ դիտելով համացանցում տարածված տեսանյութերը:
«Այս ամենի շուրջ պետք է քննություն իրականցվի և իրավապահ մարմինները պետք է տան հստակ իրավական գնահատականներ: Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անընդունելի և դատապարտելի են բռնության կոչերը, բռնության գործադրումն ու հակաիրավական գործողությունները, որոնք առանձին դեպքերում նաև հանցավոր բնույթ են կրում: Եվ դրանց պետք է տրվի համարժեք գնահատական, և ոստիկանությունն էլ պետք է համաչափ գործողություններ ձեռնարկի՝ կանխարգելելու, խափանելու այն գործողությունները, որոնք հակաիրավական են և հանցավոր»,- ասաց հանրապետական պատգամավորը:
Կորյուն Նահապետյանը հավելեց, որ դեռ ամբողջական նյութին չի տիրապետում՝ կարողանալու համար վերջնական գնահատականներ տալ, բայց նախնական գնահատականն այն է, որ Ոստիկանությունը ձեռնարկել է ստեղծված իրավիճակից թելադրվող միջոցառումներ:
Հիշեցնենք, որ տեսանյութերից մեկում երևում է, որ Շանթ Հարությունյանը բարձրախոսով կոչ է անում սադրիչներին հեռանալ: Ի պատասխան հարցի, թե բացառո՞ւմ է, որ գտնվել են սադրիչներ, որոնք փորձել են իրավիճակից օգտվել, Կորյուն Նահապետյանը նախ նկատեց, որ պետք չէ որևէ բան բացառել։
«Ցանկացած հավաքի ժամանակ կարող են լինել և հայտնվել սադրիչներ, սակայն հենց հավաքի կազմակերպիչն ինքը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որպեսզի սադրիչները հեռացվեն տարածքից: Իսկ սադրիչներ կարող են լինել հենց հավաքի կազմակերպչի կողմից հրավիրված»,– ասաց նա:
Իսկ այն, որ Շանթ Հարությունյանն ինքն է սադրիչներին հայհոյախառն արտահայտություններով առաջարկում հեռանալ, ըստ Կորյուն Նահապետյանի՝ դեռ համակողմանի վերլուծության կարիք ունի, քանի որ ասաց. «Երբ ամբողջական պատկերը պարզ լինի, գործողությունների սկիզբը, ընթացքը, մանրամասները, նոր հնարավոր կլինի կողմնորոշվել, ինչն էլ պետք է անեն իրավապահ մարմինները, այս պահին նյութեր են պատրաստվում, քրեական գործ կհարուցվի և նախաքննությունը կտա հարցերի պատասխանը, թե ով ինչ մեղավորություն ունի: Արդյոք եղե՞լ են կազմակերպիչներ, դրդիչներ՝ կատարողների հետ միասին:
Մեկ անգամ ևս դիտելուց հետո Կորյուն Նահապետյանը եկել է այն եզրակացության, որ սադրանքը տեղի է ունեցել հենց Շանթ Հարությունյանի կողմից:
«Հայհոյախառն արտահայտություններով դիմելով հավաքվածներին՝ սադրում է որոշակի գործողությունների: Սա նախնական գնահատականն է, առավել ամբողջական գնահատականը հնարավոր է տալ միայն քննության արդյունքում, բայց տեսանյութի այն հատվածը, որ տեսել եմ, ըստ իս՝ պարզորոշ վկայում է, որ որոշակիորեն մշակված սցենարի մաս է կազմում»,- ասաց հանրապետական պատգամավորը:
Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա պատգամավորը հայտարարեց.«Անընդունելի է բռնության կոչը, բռնությունը, հակաիրավական, հակահասարակական գործողությունը անկախ նրանից, թե ում կողմից է կատարվում»:
Կորյուն Նահապետյանը կրկին ընդգծեց, որ հասարակական դժգոհությունները և բողոքները պետք է արտահայտվեն Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով: