Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում, թե ինչպես բաշխի իր ֆինանսական միջոցները, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր «168 ժամ» օրաթերթի հրապարակումներից մեկին, ըստ որի հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից և ուսուցիչներին տեղեկացնում, որ այլևս չեն վճարվելու գրավոր աշխատանքների ստուգման և դասվարության համար:

 

«Նախարարությունն այստեղ որևէ կապ չունի, քանի որ այդ հարցը կախված է դպրոցի բյուջեից: Դպրոցների բյուջեն կախված է աշակերտների թվից: Եթե դպրոցի աշակերտների թվաքանակը քիչ է, բյուջեն էլ է ավելի պակաս ստացվում և ստիպված տնօրենները նման մեթոդների են դիմում, որպեսզի պահպանեն ֆինանսական բյուջեն: Սա որևէ դպրոցի տնօրենի կամայականություն չի կարող լինել: Ելնելով իրավիճակից նման բաներ անում են տնօրենները»,- ասաց նա:

 

Մեր այն հարցին, թե արդյոք նախարարությունը ստուգումներ իրականացնո՞ւմ է դպրոցներում՝ պարզելու, թե տնօրենների նման որոշումները որքանով են արդարացված, պատասխանեց. «Դա պետական բյուջե է, տնօրենը ոչ մի բան չի կարող անել, ու իրենից էլ ոչինչ կախված չէ: Եթե տնօրենը անօրինական որևէ բան անի, դա հետո անպայման կերևա. տարվա ընթացքում աուդիտ ու ֆինանսական ստուգումներ լինում են: Այդտեղ չկա խախտում, անարդարություն, կամայականություն: Դպրոցը ունի խորհուրդ ու ամեն ինչ այդ խորհրդի որոշմամբ է արվում»,- բացատրեց նա:

 

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ աշխատանքի համար ուսուցիչը պետք է վճարվի, քանի որ դպրոցին իր աշակերտների քանակին համապատասխան տրվող գումարը նախատեսում է վարձատրություն նաև այս աշխատանքի համար:

 

«Բայց դպրոցն իր աշակերտների թվից ելնելով՝ կարող է ունենալ ֆինանսներ, կարող է չունենալ: Ներկայումս շատ դպրոցներում աշակերտների թիվը պակասել է, իսկ ուսուցիչների թիվը օպտիմալ չէ։ Այսինքն՝ ուսուցիչների թիվը նախատեսվածից ավել է: Դրա պատճառով դպրոցին տրվող գումարը սկսում է չբավականացնել, որպեսզի վճարեն նաև գրավոր աշխատանքների ստուգման ու դասվարության համար: Արդյունքում ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձը իսկապես պակասում է»,- ասաց նա:

 

Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ սա դպրոցի տնօրենի կողմից ֆինանսական միջոցների ճիշտ կամ սխալ տնօրինման հարց է: Նա նաև ընդգծեց, որ այս հարցը նոր երևույթ չէ:

 

«Ներկայումս աշակերտների թիվը շատ է կրճատվել, իսկ ֆինանսավորումը մնացել է նույնը, որպեսզի բոլոր ուսուցիչներին կարողանան պահել, աշխատավարձերը ինչ-որ կերպ կրճատում են: Օրինակ՝ նախկինում տրվում էին նաև կաբինետի, մեթոդմիավորման համար առանձին գումարներ»,- ասաց նա:

 

Ամփոփելով Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է որակյալ ուսուցիչներին պահել, իսկ վատերից ազատվել: