Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 6-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 18 երկրաշարժ: Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի Վան քաղաքից հյուսիս ընկած հատվածում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնություն է 5 բալ, որին նշված ժամանակահատվածում հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ 5 ստորգետնյա ցնցում:

 

3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ 5 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից դեպի հարավ-արևմուտք: Նոյեմբերի 1-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Թուրքիայում' Ալաշկերտ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք և Բուլանիկ քաղաքից 44 կմ դեպի հարավ-արևելք: Նույն ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել նոյեմբերի 2-ին և 3-ին, համապատասխանաբար Ադրբեջանի Շեքի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Իրանի Մերենդ քաղաքից 31 կմ դեպի հարավ-արևմուտք: Նոյեմբերի 3-ին Թուրքիայի Սարայ քաղաքից 10 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 3-4 բալ:

 

Այդ օրը Իրան-Թուրքիա սահմանային գոտում տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Խոյ քաղաքից 52 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն էպիկենտրոնային գոտում հաջորդ օրը հետևել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ, 4-ն էլ' խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (հրե օղակ): Հոկտեմբերի 31-ին Թայվանի արևելյան մասում տեղի ունեցած երկրաշարժի ուժն էր 6.3 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են մի շարք շրջաններում, այդ թվում' մայրաքաղաք Թայբեյում:

 

Նույն օրը Չիլիի առափնյա հատվածում` Կոկիմբո քաղաքից 43 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցված 6.6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձությունն զգացվել է մի քանի բնակավայրերում, նաև մայրաքաղաք Սանտյագոյում, ընդհատվել է էլեկտրամատակարարումը և հեռախոսակապը: Նոյեմբերի 2-ին Տոնգայի արևելյան ափերի մոտ տեղի ունեցած սեյսմիկ իրադարձությունն ունեցել է 6.2 մագնիտուդ ուժ: Հաջորդ օրը Ֆիլիպինների Մինդանաո կղզուց դեպի հարավ ընկած տարածքում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

 

Տեղեկացնում են «ՍՊԾ» գործակալությունից։