Այսօր Արարատ քաղաքում ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի' ընտրողների հետ հանդիպման ժամանակ նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ եկել են ու մատ են թափ տվել արարատցիների վրա: Նա հստակ անուններ չնշեց:
«Որևէ մեկը չի համարձակվել որևէ արարատցու վրա մատ թափ տալ կամ ինչ-որ փորձել թելադրել քաղաքականություն ու մոտեցումներ: Ես համոզված եմ, որ այս անգամ էլ չի համարձակվի, չեմ էլ կարծում, որ որևէ մեկը նման ցանկություն ունի, ուղղակի դա մեզ է թվում»,-Արարտում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, ի սկզբանե նման մոտեցումները դատապարտված ու անհաջողության մատնված:
«Ես որևէ մի անգամ ականատեսը չեմ եղել մի քաղաքական գործչի, ով ուժի դիրքերից խոսի Արարատի մարզի մասին ու փորձի իր կամքը թելադրել: Ես ուզում եմ իրականությունը ձեզ ներկայացնել, քանի որ քիչ առաջ մեր հարգելի պարոն մարզպետը վիրավորված էր այդ մատ թափ տվողներից: Դուք պատկերացնո՞ւմ եք, այդ մատ թափ տվողների հետ ես ամեն օր շփվում եմ, և նրանց մատ թափ տալը որևէ լուրջ ավարտ չի ունենում, միշտ ձախողվում է»,-ասաց Աբրահամյանը, ավելացնելով, որ արարարտցիների վրա մատ թափ տված պատգամավորների փոխարեն ներողություն է խնդրում:
Սրան հետևեցին բարձր ծափահարություններ:
ԱԺ նախագահը նկատեց, որ նման պահվածքն այդ պատգամավորների օգտին չի աշխատելու, այլ հակառակը:
«Արարատցին թույլ չի տա որևէ մեկին, որ այլ տարածքից այցելի ու մատ թափ տա արարատցու վրա, ես դա համարում եմ ոչ կոռկետ մեղմ ասած, և պետք է նրանք հասկանան, որ դա ունենալու է իր բացասական արդյունքները ընտրությունների վրա»,-ասաց Հ. Աբրահամյանը: