Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին լսելիս տպավորություն է ստեղծվում, թե պատերազմի և խաղաղության հարցը կախված է Զարուհի Փոստանջյանից, մինչդեռ իմ խորին համոզմամբ այն՝ կլինի՞ պատերազմ, թե ոչ, կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչքանով է ունակ ինքն իրեն պաշտպանել. այս մասին այսօր ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանի ՀՀ-ի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու մասին օրինագծի նախաձեռնության քննարկմանը, որն արժանացավ բուռն քննադատություների, հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին. «Եթե խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխանությունը, ձախողել է Հայաստանի պաշտպանունակությունը անհրաժեշտ մակարդակին դնելու գործը, թող խոստովանի, հակառակ դեպքում թող խոստովանի, որ պետք չի տենց շեշտադրումներ անել, «վայ, Զարուհի ջան, հետ վերցրու, թե չէ հեսա պատերազմ կսկսի»։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, իմ կարծիքով՝ պատերազմի սկսման դեպքում մեծով-փոքրով պետք է կանգնենք Հայաստանի և Ղարաբաղի իշխանության պաշտպանության գործին, իմ խոսքը այս շեշտադրման մասին է, եթե ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք»:
Արտակ Զաքարյանը նշեց, թե անձամբ իր տպավորությամբ՝ մի բան հստակ է՝ ընդդիմադիրները շատ հաճախ արհեստականորեն բերում են նման նախագծեր, որպեսզի լայն քննարկման, նաև անհարկի շահարկումների առիթ դարձնեն։
«Այդ թվում և փորձեն տարբեր հարցերում մեղադրանքներ ներկայացնել, ես չեմ կարծում, որ որևէ նախագիծ պետք է դառնա, հատկապես՝ համազգային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ, պետք է դառնա իր հիմնական էությունից դուրս քննարկումների առարկա: ՀՀ-ում կենսական նշանակություն ունեցող որևէ բան իմ համոզմամբ չի ձախողվում»,-վստահ եզրափակեց նա։