Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել «Տոնուս» շինարարական ընկերության կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, «Տոնուսի» խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց:

 

Մեզ հետ զրույցում երգիչ Արթուր Իսպիրյանը, ով «Տոնուսի» խաբված բնակիչներից մեկն է, ասաց, որ մութ գործարքներ են, և իրենք իրենց պահանջը ներկայացնում են և´ «Արցախբանկին», և´ Կենտրոնական բանկին. հարկ եղած դեպքում կդիմեն անգամ Բաղրամյան 26:

 

«Քանի որ «Արցախբանկը» չի կարողանում որևէ լուծում տալ խնդրին' ի շահ ժողովրդի, մենք եկել ենք այստեղ, որ Կենտրոնական բանկը ճնշում գործադրի, և ժողովրդի հարցը լուծվի: Մարդիկ վճարել են, վերանորոգել իրենց բնակարանները, իսկ հիմա պարզվում է' շենքերը գրավի տակ են:

 

Այսօր մոտ 600 մարդ անպատասխան է մնացել, այս մարդիկ պոտենցիալ արտագաղթողներ են: Եվ խնդիրը միայն այս շենքերը չեն, քաղաքում այսպիսի խնդիրներ շատ կան: Դրա համար մենք եկել ենք, որ սկսենք այստեղից։ Եթե դրական պատասխան չստանանք, մենք կդիմենք նաև Բաղրամյան 26»,-ասաց Իսպիրյանը:

 

Վերջինս նշեց նաև, որ հանրապետության գործող նախագահից ակնկալում են, որ Նոր տարվան գեղեցիկ նվեր կմատուցի բնակարանատերերին:

 

Նշենք, որ Իսպիրյանի խոսքերով' Փափազյան 118/1 հասցեի շենքի տուժած բնակիչներից մոտ 50 հոգի ստացել են իրենց բնակարանները և արդեն ունեն Կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված անշարժ գույքի սեփականության վկայական:

 

Առավել մանրամասն` տեսանյութում.