1lur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ:

 

Պրն.Գևորգյան ԱԺ-ում արված Ձեր վերջին հայտարարությունում Դուք անդրադարձաք արյամբ երդվյալ հրամանատարների և նրանցով կազմավորված ինչ-որ համակարգող խորհրդի: Առավել հանգամանորեն հնարավո՞ր է պարզաբանել, թե դա ինչից ելնելով է կազմավորվել, և եթե այդ համակարգող խորհուրդը այդքան կարևոր դեր է ունեցել 90-ականներին, ինչու՞ առ այսօր այդ մասին չի խոսվել ազատագրական շարժման տարեգրության էջերում:

 

-1990թ. երկիրը հայտնվել էր անկառավարելի վիճակում, հազարավոր մարդկանց մոտ զենք էր հայտնվել: Վերահսկող ոչ մի ուժային կառույց չէր գործում երկրում: Եթե կային էլ, ապա դա ձևական բնույթ էր կրում: Ամենուրեք տեղի էին ունենում զինված ընդհարումներ: Ժամանակակիցները կարող են հիշել օրինակի համար Արտաշատի դեպքերը, որը ոչ թե ընդհարում էր, այլ կարելի էր ասել, որ 2 գյուղերի միջև սկսված զինված բախում էր: Հենց ճիշտ ժամանակին Կոմիտասի այգում մարտ ամսին ստեղվեց զինվորական համակարգիչ խորհուրդ, և 13 կամավորական ջոկատների հրամանատարներով միմյանց արյուն արյունի խառնելով երդում տվեցինք, որ պատասխանատու ենք դառնում այդ օրերի սահմանների պաշտպանությանն ու երկրի ներսում տեղի ունեցող զինված ընդհարումների կարգավորմանը:

 

Մեր պայքարով հավատարիմ ենք մնում մեր ժողովրդին և երբեք չենք խառնվում երկրի ներսում տարվող քաղաքականությանը: Դրանից հետո մեզ ոչ միայն հնարավոր եղավ կանխել Արտաշատում տեղի ունեցող բախումների հետագա զարգացումները, այլև ջոկատայինների միջև ծագող ընդհարումների քանակը կտրուկ պակասեց: Ի դեպ ասեմ, որ համակարգիչ խորհուրդը ղեկավարում էր Վազգեն Զավենի Սարգսյանը (Սպարապետը):

 

Ի՞նչ է, այդքանով ավարտվե՞ց ստեղծված համակարգող խորհրդի գորունեությունը:

 

-Իհարկե ոչ: Համակարգող խորհրդի գործունեությունը, որպես կամավորական սկզբունքով ստեղծված մարմին, գործեց մինչև օգոստոս ամիս, մինչև Գերագույն խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ Վազգեն Սարգսյանն էլ ընտրվեց պաշտպանության հանձնաժողովի նախագահ, և կամավորական պայքարն ու սահմանների պաշտպանությունը պետական այլ ընթացք ստացան: Իսկ մինչ այդ' մայիսի 27-ին, Երևան քաղաքում տեղի ունեցան Կայարանի (որտեղ ռուս զինվորակնների կողմից սպանվեց 6 քաղաքացի) և Նուբարաշենի հայտնի դեպքերը, որոնք համակարգող խորհրդի երդվյալ հրամանատարների և քաղխորհրդի նախագահ Արտաշես Գեղամյանի ջանքերով կանխվեցին:

 

Ի դեպ, ասեմ, որ այդ նույն օրերին սովետական ռեժիմի սցենարով ռուս զինվորակնները Թբիլիսիում սպանեցին 500 քաղաքացիների, իսկ Բաքվում' 300-ի: Ճիշտ է' վիշտը զոհերի քանակով չի պայմանավորված, բայց ի շնորհիվ երդվյալների և հիշատակած իշխանավորի՝ Արտաշես Գեղամյանի, մենք սգացինք մեր 28 զոհվածների համար, ովքեր զոհվել էին մինչ մեր դեպքի վայր հասնելը:

 

Պրն. Գևորգյան անցել է 23 տարի, նոր սերունդ է առաջ եկել և շատերը տեղյակ չեն շատ-շատ բաներից: Կարո՞ղ եք շատ կարճ պատմել 27-ի դեպքերի մասին:

 

-Կարճ խոսել ինչ-որ մի դեպքի մասին, ուր սպանվել են մարդիկ, երևի անհնար է, այն էլ երբ կատարված միջադեպը տեղի է ունեցել սովետական զինվորների և խաղաղ ապրող ժողովրդի միջև: Դա քաղաքական մեծ սադրանք էր՝ կազմակերպված սովետական ռեժիմի կողմից ընդդեմ մեր երկրում մեծ թափ ստացած ազգային ազատագրական շարժմանը:

 

Դուք ասում եք, որ 90-ականներին երկրի իշխանությունը հոգեվարք էր ապրում և ուժային կառույցները համարյա չէին գործում: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ մայիսի 27-ին Էրեբունում կատարվածի կանխմանը քաղխորհրդի նախագահ Արտաշես Գեղամյանի մասնակցությունը, չ ՞է որ այդ ժամանակվա բարձր իշխանավորներից մեկն էլ հենց ինքն էր:

 

-Ես ասում եմ, որ ուժային կառույցները իրենց տեղում չէին, հատկապես երկրի ներքին գործերի աշխատակիցները, եթե ոչ ամբողջապես, ապա 80 տոկոսով: Իսկ իշխանավորներից կային լուրջ մարդիկ, ովքեր, սովետական հասրակարգի ժամանակ հանդիսանալով բարձր պաշտոն զբաղեցնող անձիք (դե ռեժիմը մեկն էր, նրանց տեսակը արդեն կապ չուներ այդ ռեժիմից) լիարժեք համաձայն էին անկախ Հայաստան ունենալու և Արցախյան շարժման գաղափարներին և, չնայած զբաղեցրած բարձր պաշտոններին լիարժեք օգնում և համագործակցում էին ինչպես ազատագրական շարժման առաջնորդներին, այնպես էլ ժամանակավոր ստեղծված մեր այդ համակարգող խորհրդի հետ:


Օրինակ Ձեր ասածներում սովետական ժամանակի որևէ մի իշխանավորի անուն կարո՞ղ եք հիշատակել:

 

-Ինչու ՞ ոչ, հիշատակեմ, այդ ժամանակների ամենամեծ իշխանավորի անունը՝ Վլադիմիր Միրանի Մովսիսյան, որը ոչ միայն ամեն դժվարին պահին իր խորհուրդներով ու կարծիքով ողջ ազատագրական շարժման մեջ էր, այլ անձամբ ուներ մեծ ներդրում մեր համակարգող խորհրդում: Ասեմ, որ Ոսկեպարի-Բաղանիսի տարածաշրջանում մեր կողմից կազմակերպվող բոլոր զինված պաշտպանական գործողություններից առաջ համարյա ամբողջությամբ խորհրդակցում էինք իր հետ և, ինչու չէ, ստանում էինք նրանից բավարար աջակցություն:

 

Ի դեպ, ասեմ անտեղյակներին, թե այդ տարածաշրջանում (նախկինում Ադրբեջանի սահմանների մեջ հայտնված մեր հողերը) 15.000-ից ավելի քառ. կմ տարածք ինքն է վերցրել Ադրբեջանից՝ հակառակ Ադրբեջանի կամքին: ԵՎ միշտ իր հետ իր աշխատասենյակում հանդիպելուց ասում էր երդվյալ հրամանատարներիս. «Տղե՛րք, Ադրբեջանը նոկաուտի մեջա էէէ էդ մեր հողերի համար, թե ոնց եմ վերցրել. ոչ մի կերպ չի հանգստանում: Եթե պիտի խփենք, ուրեմն խփում ենք դրանց այնպես, որ մաքրենք տարածքը էդ վիժվածքներից, և հեշտ չի լինելու իմացեք հաաա, կսկսվի պատերազմ, բայց եթե պատրաստ եք ամեն ինչով կաջակցեմ ձեզ, ընդհուպ…»:
Ինչ ասեմ, փառք նման մարդկանց:

 

Նույնը կասեմ Արտաշես Մամիկոնյանի մասին: Երբ համակարգող խորհրդի տղաներով արդեն գտնվում էինք զինվորական տանկերի և Էրեբունու տարածքում կուտակված հազարավոր խաղաղ բնակչության միջև, ետ պահելով նրանց այդ սադրիչ գործողություններից, այդտեղ հայտնվեց Արտաշես Գեղամյանը իր ծառայողական մեքենայով: Այդ ժամանակ Վազգենը, Սամվելը, Ոժդը կամազ մեքենայի թափքին կանգնած, բղավելով ժողովրդին չէին թողնում մոտենալ տանկերին:

 

Շանթը, Սամսոնը, մնացած տղաները ձեռք ձեռքի բռնած կանգնել էին ժողովրդի դիմաց: Ես և Աշոտ Նավասարդյանը շտապ ընդառաջ գնալով Արտաշի մեքենային, Աշոտը բղավեց. «Չե՞ս տեսնում տանկերն են գալիս, չորսբոլորը կրակում են, տասնյակ զոհեր կան»: Իսկ Արտաշը պատասխանեց այլայլված դեմքով. «Եթե սպանում են ժողովրդին, թող սպանեն նաև իշխանությանը: Ո ՞ վ է գալիս ինձ հետ, ես անպայման պիտի տեսնեմ դրանց գեներալին:

 

Էս քաղաքի պատասխանատուն ես եմ: Ձե՛զ եմ ասում, ո ՞ վ է գալիս ինձ հետ»: Աշոտին ասացի դու մնա Վազգենենց հետ, իսկ ես գնացի: Ես, Վարդան Հարությունյանը, Մացիկը մեզ նետելով Արտաշի մեքենայի մեջ, հագիս սպիտակավուն վերնաշապիկը հանեցի մեքենայի լուսամուտից դուրս, թափահարելով, աննկարագրելի սարսափների միջով անցնելով, հասանք գեներալ Սուրկովին և մեծ դժվարությամբ ու լարված վիճաբանությունների արդյունքում Սուրկովին Մոսկվա զանգելով և այլն, վերջապես Արտաշին և մեզ հաջողվեց նրանից պոկել տանկերին ու զինվորականներին ետ կանչելու հրամանը: Մեր գնալուց հետո այդպես էլ զոհերի թիվը մնաց նույնը:

 

ԵՎ մենք, երդվյալ հրամանատարներով Արտաշի հետ մեզ համար էլ հետագայում ասես գերեզմանի տեղ որոնողներիս, գտանք Եռաբլուրի այդ բարձունքը և առաձին հուղարկավորվողները այդ բարձրունքում եղան մայիսի 27-ին Էրեբունիում զինվորականների կողմից զոհված կամավորական տղերքը: Ահա մի իշխանավորի օրինակ ևս, որի կողմից կատարված սխրանքով լի գործողությունները մնացել են հասարակության իմացությունից դուրս:

 

Պրն. Գևորգյան այդ բաների մասին եթե չասվի , անցել է 23 տարի, սերունդ է փոխվում, ո ՞րտեղից պիտի իմանան:

 

-Ամեն ինչի մասին էլ պիտի ասվի, բայց ցավոք, ներկայումս գրվող պատմությունը պատվիրատուներին ձեռք չի տալիս, որովհետև իրենք չկան դրա մեջ:

 

Ի ՞ նչ եք կարծում այսօրվա մեր իշխանության մեջ անհրաժեշտության դեպքում կլինե՞ն մարդիկ, ովքեր ժողովրդի կամ հայրենիքի ճակատագիրը ավելի բարձր կգնահատեն, քան իրենց անձն ու աթոռը:

 

-Կլինե՛ն, ինչ խոսք, բայց նրանցից շատերը, ովքեր ազատագրական պայքարի ժամանակահատվածում հասուն երիտասարդներ էին, ու ՞ր էին այն ժամանակ, ո՞րտեղից հայտնվեցին այսօր իշխանական բուրգում, ու ՞ր են տանում այսօր մեր երկիրն ու ժողովրդին:

 

Ի վերջո, անհատականություններ և ժողովրդի կողմից սիրված բարձր կարգի իշխանավորներ ծնվում են և հասարակությանը հայտնի են դառնում երկրի ամենադժվար և ճակատագրական պահերին՝ լինելով ժողովրդի հետ և անցնելով մահվան հորձանուտներով: Պատերազմող երկրի իշխանավորները պետք է լինեն վերագտնված մարդիկ, հերոսականի, ճակատագրի մարդիկ, որոնք լավ գիտեն մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռք բերված պետականության արժեքը: Այն ժամանակ կունենանք ոչ միայն երկրից չարտագաղթող ժողովուրդ, այլ նաև նրանց կողմից ընդունելի և սիրված իշխանություն:

 

Չէ՞իք ասի անունները 13 արյամբ երդվյալ տղաների, որոնք մինչև պատերազմի ավարտը մնացին տերն իրենց երդման:

 

-Նրանցից 6-ը ֆիզիկապես մեզ հետ չեն՝ Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Սամվել Գևորգյան, Միշա Մխոյան, Արմենակ Արմենակյան, Վահան Զատիկյան, իսկ ապրողներիցս՝ Ռուբեն Գևորգյան, Աստվածատուր Պետրոսյան, Սամսոն Ղազարյան, Շանթ Հարությունյան, Աշոտ Աղաբաբյան, Մայիս Միրզոյան:

 

Բոլորդ էլ կարծես Երևանի տղաներ էիք: Հենց ինչու ՞ համակարգող խորհրդի նախագահ ընտրեցիք Վազգեն Սարգսյանին, արդյո ՞ ք դա…

 

-Բոլորովին, ոչ մի հրահանգված բան չկար: Բոլորս էլ անկախ, խենթ ու խելառ հայրենասեր տղերք էինք, պարզապես Վազգենին բոլորս սիրեցինք: Նա շատ խելոք էր և ուներ խարիզմատիկ տեսակ: Բոլոր խելառներին հավաքական դարձնելու միակ բանալին նրա սրտում ու նրա հայացքում էր:


Շանթ Հարությունյանը, լինելով համակարգող խորհրդի անդամ և 13 երդվյալներից մեկը, բա ինչպես 23 տարի հետո խախտեց իր երդումը, չէ ՞որ ձեր երդման մեջ կար ընդգծված պայման՝ չխառնվել երկրում տարվող քաքականությանը:

 

-Շանթի ըմբոստանալը ստանդարտից դուրս է մեկնաբանությունների համար: Նա ոգու մարդ է, հայի խելառ տեսակ: Նա մի բուռ հող է հայրենի: Եթե իրեն իրոք պետք լիներ խառնվել քաղաքականությանը, հաստատ նա կլիներ ամենահայտնի քաղաքական գործիչների շարքում: Պարզապես նրա արածը ոգու ցավից էր, ինքը լավ գիտակցում է, որ մեր երկրում նման ձևով հեղափոխություն չեն անում, պարզապես դա նրա մոտ երկրում տիրող սոցիալական անարդարության, արժանապատվության ոտնահարման, արտագաղթի և արժեհամակարգի փլուզման հետևանքով էր:

 

Ոգու ցավից էր, թե ինչից, համենայնդեպս նա հիմա կանգնած է քրեական պատասխանատվության առաջ:

 

-Դեմ չեմ, ըստ մեր քրեական օրենսգրքի գուցե, բայց Շանթի նման հայրենասեր տեսակի նկատմամբ այս պարագայում քրեական օրենսգրքում տեղ չկա: Նրան դատապարտելու համար հոգու օրենսգրքով պիտի անցկացնեն և եթե կգտնեն դատապարտելու կետեր, թող դատապարտեն, բայց ցավոք նման օրենսգիրք մեր երկրում չկա: