Հայաստանում օրեցոր կուտակվում են սոցիալական լիցքերը, մինչդեռ իշխանությունները չեն կարողանում կայունացնել իրավիճակը: Կամ` չեն ցանկանում: Կամ` այդպես է պետք:

 

Երկրի խնդիրները լուծելու փոխարեն նրանք ավելի հեշտ միջոց են գտել: Ժամանակ են սպանում: Այդպես և հեշտ է, և էժան: Ավելի հեշտ է ԱԺ-ում կամ կառավարությունում մի քանի ծաղրածու պահել, որոնք «բիրիքով» ապուշ մտքեր կարտահայտեն և կզբաղեցնեն հասարակական միտքը, քան ընտրել փառքի տատասկոտ ճանապարհը` աշխատել: Կամ էլ դուրս են գալիս մաքուր օդի` ցրվելու: Մեկը կիթառ է նվագում, մյուսը` դհոլ, մեկ ուրիշը դամ է պահում: Այդպես ժամանակը հեշտ է սպանել: Եթե տնտեսություն կառավարելու համար ապաշնորհ են, կիթառի տնգտնգոցը կարող է սրտեր հուզել: Ճաշակին ընկեր չկա: 

 

Երկրի խնդիրները լուծելու առավել դյուրին ճանապարհ էլ կա` ամեն ինչ բարդել դժգոհողների և լրատվամիջոցների վրա: Երբեմն ցույց տալ խիարի աճի կենսաբանական խախտման պատճառները և մեղադրել գաղջ մթնոլորտ ստեղծելու համար` այդքան էլ ծախսատար չէ: Մի քանի գրպանի հեռուստաալիք և մեկ արկղ հանքային ջուր` սեղանին դնելու համար, և երկրի հիմնախնդիրները եթերով ցրելու կենսական պայմաններն առկա են: 

 

Պետության խնդիրների լուծման լավագույն միջոցներից մեկը անգերազանցելի է` երկրի վիճակից բողոքողներին անվանել գրանտակերներ, ջհուդամասոնական դավադրության մասնակիցներ կամ թշնամու ջրաղացին ջուր լցնողներ: Հին, փորձված, բարի մեթոդ է: Ցանկացածին մեղադրիր օտարի համար աշխատելու, Ադրբեջանի օգտին քարոզչություն անելու մեջ, և կյանքը հիասքանչ է: Երկրի փողերը կարելի է տանել դուրս, որևէ եպիսկոպոսի կողմից օֆշորային հաշիվներում սուրբ ջուր օծել, և մեղադրել քննադատներիդ` Ադրբեջանի օգտին քարոզելու մեջ: Ասում են` էֆեկտիվ է:

 

Շուտով սպասվում են բողոքի նոր դրսևորումներ` տրանսպորտի սակագների թանկացմանն ընդառաջ: Իշխող քաղաքական միտքը գրպանում «ծալած ունի» հերթական աշխարհաքաղաքական դավադրության տեսությունը: Փորձիր հակադրվել սոցիալական բռնաբարությանը` լրահոսը ցնցվում է պատմական փաստերով' այ էսպես դարերով իրար ոտքի տակ ենք տվել, օտարները նախորդ հազարամյակներից սկսած դավադիր ծրագրեր են կազմել' Հայաստանը ոչնչացնելու համար, իսկ դուք' սրիկաներդ, ջուր եք լցնում նրանց ջրաղացին: Չկարողանալով ծնկի բերել հպարտ հայ ժողովրդին' Հռոմի կայսրերը տարեցտարի թանկացնում էին վարսակի գները, որի հետևանքով ձիերի միջոցով ուղևորափոխադրումների սակագները փոխվում էին: Մայրաքաղաք Տիգրանակերտի իջևանատների մոտ կազմակերպվում էին «Չեմ վճարելու 150 դահեկան» անվանումով ակցիաներ, որի հետևանքով Հռոմը Հայաստանը ներսից թուլացրեց, որին հետևեց Պոմպեոսի արշավանքը Հայաստան: Քանի որ Պոնտոսից բերվող համեմատաբար էժան վարսակի ներկրման մայրուղին վաճառվել էր հռոմեացիներին' մթա 66 թվականին Հայաստանը ստիպված էր ինքնիշխանության որոշակի կորուստների գնալ: Օգտվելով ձիատրանսպորտի սակագների թանկացման շուրջ բողոքի ակցիաներից' Պոմպեոսը ավելի մեծ զիջումներ պարտադրեց հայ ժողովրդին... Հետագա տարիներին վարսակի և պայտի թանկացման հետևանքով ձիատրանսպորտի թանկացման դեմ հրահրվող բողոքի ակցիաները հայերի դեմ շարունակեցին օգտագործել աշխարհաքաղաքական նոր խոշոր կենտրոնները' Բյուզանդական կայսրությունը, արաբական խալիֆաթը, մոնղոլները, սելջուկները և այլն: Հայաստանը ակցիաների միջոցով թուլացնելու' դարեդար ձգվող քաղաքականությունը հետագայում որդեգրեցին ջհուդամասոնական ուժերը, որոնք այսօր, այս պահին, հրահրում են թանկացումների դեմ բողոքողներին' թուլացնել մեր երկրի հիմքերը...


Ու պետության կառավարման ստի, կեղծիքի, ծաղրածուների միջոցով տեսարաններ ապահովելու կոնցեպցիան շարունակվում է: Դավադրության տեսությունները շարունակում են արցունք կորզել հանդիսատեսից: Ստի, կեղծիքի, ծախու պալատականների խառնամբոխը պղծել է պետության գաղափարը, ստիպել, որ մարդիկ Հայրենիքից փախչեն` ամեն ինչից զզված, հիասթափված, անվերադարձ: Հայաստանում բնակվում է մի ժողովուրդ, որը օրեցոր զրկվում է Հայրենիքի զգացողությունից...


Որովհետև բոլոր ներպետական և միջազգային ատյաններում մերժվելուց հետո մարդիկ պետք է գնան ակադեմիաներ` խիարաբուծության ճիշտ ուղիով զարգացման արդի շրջափուլի մասին գիտական հոդվածներ գրելու...


Որովհետև օրենսդիրները բոյկոտում են կենսաթոշակային բարեփոխումների խիստ կենսական օրինագիծը և գզվռտվում, թե ով է խորհրդարանի պախանի հետ չվելու Լատինական Ամերիկա` պետության վերջին կոպեկները էկզոտիկ ''կայֆերի'' վրա մսխելու համար: Շատ հուզիչ է` կառնավալներում վավաշոտ հայացքով հետևել կրքոտ բրազիլուհիների հետույքներին այն դեպքում, երբ սեփական պետության վիճակը ուղղակիորեն ասոցացվում է մարմնի այդ հույժ կարևոր մասի հետ...


Որովհետև կիթառահարները ուրիշ ամբիոններ պետք է զբաղեցնեն: Եթե ուրիշ բեմերից նրանց չընդունեն` կարող են երաժշտական ունակությունները փորձել կոնսերվատորիայի բուֆետում: Ասում են` երաժշտությունը մարսողության համար լավ է...


Վարուժան Բաբաջանյան