Նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողները դիմել են Հնդկաստանում Հայաստանի դեսպանատուն՝ Հայաստանի վիզա ստանալու համար։ Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանում բնակվող, ազգությամբ հնդիկ ուսանողը, որը վստահեցրեց, որ անձամբ է ճանաչում Դենիշին, սակայն խնդրեց չհրապարակել իր անունը։

 

«Ընդամենը 20 րոպե առաջ եղբոր հետ եմ խոսել։ Սպասում են դեսպանատան պատասխանին, որ Հայաստան գան, հետո կորոշեն՝ ինչ անել»։

 

Մեր զրուցակիցն ասաց, որ Դենիշը Հայաստան էր եկել Աստղիկ Աղաջանյանի հետ ամուսնանալու նպատակով, ավելին՝ հենց Աստղիկի ընտանիքն էր նրան հրավեր ուղարկել. «Դենիշն ամեն ինչ թողել էր Հնդկաստանում ու եկել Հայաստան։ Պլանավորում էին ամուսնանալ ու այստեղ մնալ»։

 

Նրա խոսքով՝ Դենիշին օդակայանում դիմավորել է Աստղիկը. «Նրա գալու հենց առաջին օրը հանդիպեցինք Հանրապետության Հրապարակում։ Աստղիկը նրան դիմավորել էր օդակայանում եւ միանգամից հրապարակ բերել։ Ծանոթացիր՝ սա իմ ընկերուհինէ՝ girlfriend-ը։ Պատրաստվում ենք ամուսնանալ՝ ասաց Դենիշը։ Աստղիկը մեզ մենակ թողեց ու գնաց»։

 

Աստղիկի հեռանալուց հետո Դենիշը, ըստ մեր զրուցակցի, իրեն խնդրել էր օգնել աշխատանք գտնելու հարցում. «Ասաց՝ չեմ կարող առանց աշխատանք ունենալու գնալ ծնողներից ձեռքը խնդրել։ Ասաց՝ Հնդկաստանում ես ամեն ինչ ունեի, իսկ այստեղ ոչինչ չունեմ։ Ինձ աշխատանք է պետք»։ Ընկերոջ օգնությամբ Դենիշը պրակտիկա է անցել Telerade-ում։

 

Մեր զրուցակիցն ասաց, որ Աստղիկը նույնպես սիրում էր Դենիշին։ «Հարյուր տոկոսով վստահ եմ։ Եվ Դենիշի, եւ Աստղիկի ծնողները գիտեին նրանց հարաբերությունների մասին։ Նույնիսկ Աստղիկն ու իր մայրը հատուկ Հնդկաստան էին գնացել՝ մասնակցելու Դենիշի եղբոր հարսանիքին»։

 

 

Մանրամասներն` այստեղ: