Tert.am-ը տեղեկություններ էր ստացել, որ միջազգային հեղինակավոր լրատվական կազմակերպություններից մեկը փորձում է ներքին կարգով լրագրողներից տեղեկանալ՝ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինչ-որ մի փուլում ռուբլու գոտի մտնել նախատեսվա՞ծ է, կամ՝ նման առաջարկներ արվե՞լ են:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Tert.am-ին հայտնեց, որ, նման բան նախատեսված չէ:
«Ասեմ ավելին՝ երբ նախորդ շաբաթվա վերջին Ռուսաստանի Պետական Դումայի պատվիրակությունն էր Հայաստանում, այդ հարցը բարձրացվեց, և նրանք ասացին, որ անգամ Союзное государство –ում (դա Ռուսաստանի և Բելառուսի միջև երկկողմ համագործակցության ձևաչափ է, որը շատ ավելի սերտ է, քան՝ ՄՄ –ի անդամների միջև համագործակցությունը), արդեն քանի տարի է՝ խոսվում է միասնական արժույթ մտցնելու մասին, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Եվ բնական է, որ այդ հարցն այսօր ՄՄ-ի շրջանակում դրված չէ»,-ասաց Մինասյանը:
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ միանշանակ բացասական պատասխան տվեց՝ ասելով .«Ո´չ , ազգային արժույթի հետ կապված նմանատիպ առաջարկություն չկա»: