Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման ամբողջ քաղաքականությունը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ խոսում է այն մասին, որ իշխանությունները փորձում են հերթական անգամ ժողովրդի կաշին քերել։

 

«Քաղաքական դաշտում շատ հաճախ ալտերնատիվ գաղափարներ չեն հնչում, ասում են՝ ես իշխեմ այսինչ կանոններով, ես ավելի լավ կիշխեմ: Իսկ փիլիսոփայության մեջ այսօր հաստատված է, որ ով իշխանավոր է, նա պետք է օգտագործի իշխանության հնարավորությունները՝ սեփական հարստությունը կուտակելով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վերջինիս համոզմամբ՝ քանի որ Հայաստանում անգլոսաքսերի իշխանությունն է, նրանք թույլ են տալիս, որ դու թալանես սեփական երկիրը, որպեսզի բավարարես նրանց բոլոր պահանջները: Եվ քանի որ երկիրն էլ ինչ-որ ձևով պետք է պահել, ամեն անգամ, երբ բյուջեի սղություն է առաջանում, «հո թալանի հաշվի՞ն չի լրացվելու»:

 

«Կարելի էր, ասենք թե, հանքերի հարցը վերանայել և բյուջեի պակասները լրացնել, բայց սրանք կատարում են լրիվ ուրիշ բան, հերթական կաշին փորձում են ժողովրդի վրայից քերել, ամբողջ քաղաքականությունը կառուցված է դրա վրա, հենց սղություն է առաջանում, մտածում են՝ ևս մի բան հնարավո՞ր է ժողովրդից խլել, թե՝ ոչ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

 

Ըստ նրա՝ սա շատ արատավոր փիլիսոփայություն, ամբողջովին դրսից է ներկրված և որևէ կապ չունի Հայաստանի հետ:

 

«Իսկ դրսից է ներմուծված, որովհետև այսպես Հայաստանն ավելի մանիպուլյատիվ է: Սա հասել է վերջին եզրին և արդեն ավարտվում է»,- ասաց նա և հույս հայտնեց. «Հերթական ժողովրդական վերելքը, որն արդեն խմորվում է, մոտավորապես մի քանի ամսվա ընթացքում կլինի»: