Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արկադի Վարդանյանի գործով մեղադրողը Արկադի Վարդանյանի համար պահանջել է 10 տարվա, իսկ Արսեն Ավետյանի համար՝ 11 տարվա ազատազրկում, հաղորդում է Aravot.am-ը:

 

Այսօր կայացել է դատական վիճաբանությունների փուլը:

 

Շահադիտական դրդումներով Ռոբերտ Ավետյանի սպանության նախապատրաստման համար մեղադրվողների ՝ քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դեմ ձեռք բերված ապացույցները դատախազ Արամ Ամիրզադյանը համարել է ապացուցված:

 

Մեղադրողը պնդել է մեղադրանքն ամբողջությամբ. Արսեն Ավետյանին եւ Արկադի Արշավիրի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին: Նրանք պետք է հանքային ջրի մեջ գցեին հոգեմետ դեղահաբերը: Իսկ Վարուժան Սավտալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ՝ ազալեպտին է ձեռք բերել եւ տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ, հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել:

 

Ըստ մասնագետների, 600 մգ ազալեպտինը կարող է առաջացնել մահ, կոմա, ջղաձգություն, կոլապս, գիտակցության մարում, քնկոտություն, շնչարգելք:

 

Մեղադրողն ասել է, որ վարորդը՝ Վարուժանը, ճանապարհի կեսից հետ է կանգնել, օգնել է հանցագործության բացահայտմանը, այդ իսկ պատճառով, մեղադրողը միջնորդել է որ Վ.Սավտալյանի նկատմամբ պայմանական կիրառվի պատիժը՝ 3,5 տարի փորձաշրջան: Վարուժան Սավտալյանը պարտք է եղել Արսենին 500 000 դրամ եւ նրան «օգնելու» նպատակով է ձեռք բերել այդ հոգեմետ դեղահաբերը, որոնք փոխանցել է Արսենին, իմանալով, որ Արսենը խնդիրներ ունի իր հոր՝ տուժողի Ռոբերտ Ավետյանի հետ՝ իրեն բնակարանից զրկելու հետ կապված: Մեղադրողը նշել է, որ Արկադի Վարդանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել տուժողի սպանության, դեղերի չափաբաժինն ընտրելու հարցում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում