Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն ընդունեց 2013 թ Սամբոյի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած, սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Դանիելյանին, նրա անձնական մարզիչ Էռնեստ Միրզոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանին. տեղեկացնում է msy.am-ը:
Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: Չեմպիոնն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց իր վերջին մենամարտից , պատմեց, թե ինչպես եզրափակչում դժվարին հաղթանակ տարավ ՌԴ ներկայացուցիչ Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Նախարարը բարձր գնահատեց մարզիկի ու մարզիչների պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքը , հորդորեց շարունակել նույն ոգով: Նախարարը մանրամասն հետաքրքրվեց Աշոտի մենամարտերով, առաջնության ընթացքում ունեցած դժվարություններով, ինչպես նաև չեմպիոնի անձնական հոգսերով ու խնդիրներով:
Նրա մարզիչը բարձրաձայնեց Երևանում չեմպիոնի բնակարան ունենալու անհրաժեշտությունը, քանի որ մարզումների ընթացքում նույն խնդրի պատճառով հաճախ Աշոտը կանգնում է մեծ դժվարությունների առջև:
Նախարար Յուրի Վարդանյանը վստահեցրեց, որ բարձրացված հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում և մտահոգություն հայտնեց, որ 29-ամյա աշխարհի կրկնակի չեմպիոնը չլքի հայրենի Լեռնային Ղարաբաղը: Աշոտ Դանիելյանը խոստացավ հետևել նախարարի խոսքին, եթե անգամ լուծվի բնակարանային խնդիրը: