Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

 

Անցկացվել է հարցում' պարզելու համար, թե որքանով են տեղեկացված մարդիկ այդ օրվա խորհուրդի մասին, գիտեն, թե ինչ է ՁԻԱՀ-ը, և եթե նրանց շրջապատում լիներ վարակակիր, արդյոք նրանք կշարունակեին շփումը:

 

Հարցմանը մասնակցել է ավելի քան 50 քաղաքացի, որոնց մեծամասնությունը չգիտեր, թե ինչ օր է դեկտեմբերի 1-ը, սակայն դա այդքան էլ ցավալի չէ, ցավալին այն է, որ այն հարցին, թե կշարունակեին շփումը ՄԻԱՎ դրականի հետ մեծամասամբ բացասական պատասխան էին տալիս' պատճառաբանելով, որ վախենում են, իրենք էլ կարող են վարակվել, ամոթ է. որքան հեռու մնալ նման մարդկանցից, այնքան լավ:

 

Կային մարդիկ, ովքեր անգամ ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ լսելիս զարմացած նայում էին, իսկ երբ ասում էիր սպիդ, արդեն ամեն ինչ հասկանալի էր, սակայն հասկանալի միայն այնքանով, որ դա վատ բան է և վերջ:

 

Հարցման մասնակիցներից շատերը չգիտեին, որ ՄԻԱՎ-ը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, որ սովորական շփումն իրենից վտանգ չի ներկայացնում: Միայն քչերն էին, որ տեղեկացված էին, իսկ տեղեկացվածությունը բարձրացնելու համար մենք բոլորին բաժանում էինք գրքույկներ, ինքներս պատմում և նվիրում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ:

 

Իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն է, եղե՛ք տեղեկացված, մի դարձեք ուրիշների հասարակությունից առանձնանալու պատճառ: