Հայաստանի զինվորական շրջանակներից «Ազատությանը» հայտնի է դարձել, որ լեհական ընկերություններից մեկը արդիականացնում է Հայաստանի զինված ուժերի Т-72 տեսակի տանկերը: Քանակությունն անհայտ է, որևէ տեղեկություն չի հաղորդվում նաև արդիականացված տանկերի տեխնիկական տվյալներր վերաբերյալ:

 

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս տեղեկությունը՝ նշելով. - «Նման տեղեկություն չենք տրամադրում մամուլին, թե սպառազինության ի՞նչ քանակ, տեսակ և որտե՞ղ ենք կատարելագործում: Հայաստանի պաշտպանության նախարարության սպառազինության կատարելագործումը շարունակական գործ է և հանդիսանում է մեր աշխատանքի գերակա ուղղություններից մեկը»:

 

Հայկական տանկերի արդիականացման մասին տեղեկությունը առաջինը օրերս հրապարակեց Մոսկվայում գործող հեղինակավոր՝ «Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» (Центр анализа мировой торговли оружием), որը հայտնի է Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռազմական հետախուզության հետ ունեցած կապերով:

 

Ըստ կենտրոնի' լեհական «Բումար լաբեդի» (Bumar Łabędy) ընկերությունում ընթանում է հայկական զինված ուժերի Т-72 տեսակի թվով 84 տանկերի արդիականացումը, և աշխատանքների ավարտից հետո հայկական Т-72-ները կդառնան լեհական PT-72U կարգի տանկեր: Ըստ աղբյուրի' գործարքի ընդհանուր գումարը կազմում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար: Տանկերի արդիականացումը պետք է ավարատվի 2015 թվականին, սակայն առաջին արդիականացված խմբաքանակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

 

«Բումար լաբեդի»-ն լեհական ռազմաարդյունաբերության ոլորտի հնագույն ձեռնարկություններից է: Սպառազինության արտադրությամբ զբաղվում է 1938 թվականից: Մանրամասներն ու տեսանյութն՝ այստեղ: