Խորհրդարանում երեկ քվեարկվեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը, որը խորհրդարանի քննարկմանն էին ներկայացրել իրենց ընդդիմադիր հայտարարած և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները: Այս հայտարարությունն ընդունելու օգտին կողմ էին քվեարկել' 46, դեմ' 53 պատգամավորներ: Գրում է 168.am-ը:

 

Քվեարկության արդյունքներից պարզ երևում էր, որ նույնիսկ շատ ՀՀԿ-ական պատգամավորներ չէին մասնակցել քվեարկությանը' չցանկանալով դեմ քվեարկել դրան, իսկ ընդամենը մեկուկես ամիս առաջ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Կարապետյանը կողմ էր քվեարկել ընդդիմադիրների առաջարկին: Հայտարարության հեղինակներն առաջարկում էին դիմել ՀՀ կառավարությանը և Կենտրոնական բանկին, ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքն առնվազն մինչև 2015թ. հետաձգելու հարցը, առաջարկելով նաև այդ ընթացքում «Հանրաքվեի մասին» օրենքին համապատասխան անցկացնել հանրաքվե' բացահայտելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հասարական կարծիքը: ,

 

Երբ պատգամավորները քվեարկում էին հայտարարությունը, ԱԺ Բաղրամյան փողոցի վրա գտնվող մուտքի մոտ հավաքվել էին այս համակարգի գործադրման դեմ բողոքող 1500-2000 ցուցարարներ, ովքեր սուլոցներով ընդունեցին քվեարկության արդյունքները: Քանի որ հայտարարությունը ներկայացրած պատգամավորները հայտարարել էին, որ այս օրենքի սահմանադրականության հարցով մտադիր են դիմել Սահմանադրական դատարան, բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին երթ կազմակերպել դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Կարեն Անդրեասյանից ևս պահանջել միանալ պատգամավորների հայցին:

 

Ըստ ցուցարարների, կենսաթոշակ ստանալը մարդու իրավունքն է և ոչ թե' պարտականությունը, մինչդեռ օրենքով իրենց պարտադրելու են մուծումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին: Բացի այդ, Սահմանադրությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ, իսկ այս օրենքի կիրառման պարագայում 1974թ. հետո ծնվածներն անհավասար պայմաններում կլինեն 1974թ. առաջ ծնվածների համեմատ, քանի որ գործատուն աշխատող ընտրելիս կնախընտրի գործի վերցնել մինչև 1974թ. ծնվածին, քանի որ ստիպված չի լինի նրա համար լրացուցիչ փոխանցում կատարել' կենսաթոշակային հիմնադրամին:

 

ՄԻՊ գրասենյակի մոտ ցուցարարների ներկայացուցիչները բանակցեցին ՄԻՊ աշխատակազմի մի քանի ներկայացուցիչների հետ, որոնք խոստացան պատգամավորների հետ համատեղ աշխատել և չբացառեցին, որ կարող են միանալ ՍԴ ուղարկվող նրանց հայցին կամ ինքնուրույն հայց ներկայացնել: Ըստ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների, այդ հայցը կարող է ՍԴ ուղարկվել դեկտեմբերի վերջին, մինչդեռ ցուցարարները պահանջում էին, որ հայցը ՍԴ ուղարկվի ավելի շուտ, քանի որ օրենքի կիրառմանը մնացել է 27 օր: Ցուցարարները պահանջում էին, որ ՄԻՊ ներկայացուցիչները հստակ պատասխան տան' միանո՞ւմ է ՄԻՊ-ը ընդդիմության հայցին, թե՞ ոչ: «Հնարավոր է, որ միանա»,- պատասխանեցին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Ցուցարարները համարեցին, որ դա իրենց հաղթանակն է, և շարժվեցին կառավարություն:

 

Կառավարության դիմաց կրկնվեց այն, ինչ լինում է սովորաբար. ցույցի մասնակիցները վանկարկում էին' «Դեմ ենք»,«Ամոթ», «Չենք արտագաղթելու»: Նրանք վստահեցնում էին, որ իրենք կառավարությունից այլևս սպասելիք չունեն, ուղղակի ցանկանում են տեղեկացնել, որ իրենք չեն համակերպվելու օրենքի գործադրման հետ և պայքարով հասնելու են դրա փոփոխությանը:

 

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները մոտենում են այն կետին, երբ կփաստեն, որ պայքարի օրինական կամ, այսպես կոչված, սահմանադրական ճանապարհները սպառված են: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը կորոշի, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ երբ պայքարի օրենսդրական ձևերը սպառվում են, առաջ է գալիս պայքարը քաղաքական ճանապարհով շարունակելու անհրաժեշտություն, որին ցուցարարները կհասնեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Հնարավոր չէ չնկատել, որ Հայաստանում իրար զուգահեռ' մի քանի ձնագունդ է գլորվում. հանրային տարբեր նախաձեռնություններ անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, և հայտարարում են, որ պայքարելու են' մինչև իշխանության կողմից իրենց նպատակների վերջնական իրականացումը:

 

Շարունակությունն` այստեղ: