Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևորագույն իրադարձությունները.


Պուտինը եկել էր իր երկրի պետական շահերը սպասարկելու, իսկ թե մենք կարողացա՞նք սպասարկել մերը, ցույց կտա ժամանակը

 

«Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ մեր երկիրը իր հետագա ուղին պետք է կառուցի սլավոնական համակարգի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Արսենյանի, Հայաստան էր եկել Ռուսաստանի պետական շահերը սպասարկելու, ինչը տեղի է ունենում պետական փոխայցելությունների դեպքում. որքանո՞վ մեր կողմը պաշտպանեց մեր շահը՝ցույց կտա ժամանակը: Իսկ մերօրյա արտագաղթը իր ծավալներով ԲՀԿ պատգամավորը համեմատում է 1603թ. թուրք-պարսկական պատերազմի և 1915թ. Եղեռնի ընթացքում հայաթափության հետ: Tert.am-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է պատգամավորի հետ:

 

- Ձեր խմբակցության պատգամավորներն այն փոքրաթիվ պատգամավորների թվում էին, ովքեր պատասխանել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՄՄ-ին, թե ԵՄ-ին նախապատվություն տալու վերաբերյալ հարցմանը, և այս հարցում կարծես թե տիրում է բազմակարծություն: Կոնկրետ Ձե՛ր տեսակետը, ով նախկինում գործարար էր և շատ լավ հասկանում է տնտեսության խնդիրները:

 

-Նույնպես ստացել եմ այդ հարցումը, թե որն է իմ դիրքորոշումը, սակայն չեմ պատասխանել մի պարզ պատճառով, որ հուլիսի 17-ին ես ռադիոյով 40 րոպեանոց ելույթում իմ դիրքորումը շարադրել եմ՝ իմ կողմից ընդունելի փաստարկներով, թե ինչո՞ւ եմ գտնում, որ մեր երկիրը իր հետագա ուղին պետք է կառուցի սլավոնական համակարգի հետ:

 

***

Սահմանադրական պայքարի վերջին հանգրվանը

 

Խորհրդարանում երեկ քվեարկվեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը, որը խորհրդարանի քննարկմանն էին ներկայացրել իրենց ընդդիմադիր հայտարարած և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները: Այս հայտարարությունն ընդունելու օգտին կողմ էին քվեարկել' 46, դեմ' 53 պատգամավորներ: Գրում է 168.am-ը:

 

Քվեարկության արդյունքներից պարզ երևում էր, որ նույնիսկ շատ ՀՀԿ-ական պատգամավորներ չէին մասնակցել քվեարկությանը' չցանկանալով դեմ քվեարկել դրան, իսկ ընդամենը մեկուկես ամիս առաջ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Կարապետյանը կողմ էր քվեարկել ընդդիմադիրների առաջարկին: Հայտարարության հեղինակներն առաջարկում էին դիմել ՀՀ կառավարությանը և Կենտրոնական բանկին, ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքն առնվազն մինչև 2015թ. հետաձգելու հարցը, առաջարկելով նաև այդ ընթացքում «Հանրաքվեի մասին» օրենքին համապատասխան անցկացնել հանրաքվե' բացահայտելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հասարական կարծիքը:

 

***

Ուկրաինայի 3 նախկին նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

 

Ուկրաինայի 3 նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

 

«Ուկրաինայում խորը քաղաքական ճգնաժամ է սկսվում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ ամբողջ պետության, դրա տարածքային ամբողջականության, անկախության և ինքնավարության համար: Ճգնաժամի գլխավոր պատճառը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կառավարության չհամակարգված աշխատանքն է»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ի դեպ հայտարարության տեքստն այսօր հրապարակվել է «Նաշա Ուկրաինա» կուսակցության կայքում, հայտնում է gazeta.ru-ն:

 

***

Տիգրան Սարգսյանը՝ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքների մասին

 

«Ուզում եմ նիստը սկսել նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայից, որը կազմակերպել էին Ոսկու շուկայի աշխատակիցները: Նրանք կառավարության շենքի մոտ ցույցեր են կազմակերպում, և բողոքների պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության' շուկաների վերահսկողության տեսչությունը, և այն տեղեկատվությունը, որը զետեղված էր մեր տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը տարածվեց ԶԼՄ-ներով: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ տեղեկացրեց, որ տարեկան ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել Ոսկու շուկայում:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ձեզ հետ միասին տեսչական բարեփոխումների շրջանակներում որդեգրել ենք այն սկզբունքը, որ տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները պետք է հասցնել մինիմումի, ստուգումների ժամանակ իրենց գործողությունները պետք է դարձնենք համադրելի, որպեսզի հաճախակի այնտեղ ստուգումներ չանեն», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ բողոքները, որոնք իրենք ստանում են Ոսկու շուկայի աշխատակիցներից, շատ բազմազան են' «սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային իրավիճակից, որ այնտեղ ստեղծված է: Հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև Ոսկու շուկայում աշխատում է 7 000 մարդ»:

 

***

Շարմազանովը մատ թափ տվեց Փաշինյանի վրա

Այսօր ԱԺ հերթական նստաշրջանի վերջին օրն է:

 

Քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության' կառավարությանն ուղղված հարցապնդումը համատարած կոռուպցիայի վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու, որովհետև այդ հարցապնդումը լի է անհեթեթություններով:

 

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց հանրապետական պատգամավորներին, որ կողմ քվեարկեն հարցապնդմանը, եթե ընդունում են, որ կոռուպցիան չարիք է, և այն պետք է արմատախիլ անել:

 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը ընդունում է, որ կոռուպցիան չարիք է, բայց պետք է տեսնել նաև առաջընթացը:

 

Այդ պահին սկսվեց բանավեճ Էդուարդ Շարմազանովի ու Նիկոլ Փաշինյանի միջև: Շարմազանովի ելույթի պահին Փաշինյանը տեղից դժգոհեց ու պահանջեց, որ անջատեն Շարմազանովի խոսափողը, որովհետև ինքը բովանդակային քննարկում է անում:

 

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը փորձեց հանգստացնել Էդուարդ Շարմազանովին: Վերջինս մատ թափ տվեց Նիկոլ Փաշինյանի վրա:

 

***

Զարուհի Փոստանջյանի բողոքի դատական քննությունը

 

Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի' ‹‹Ծածկած շուկայի›› ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:

 

ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորած անգործությունը վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 

Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը'

 

1.Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ / պահանջ՝ մշակել ‹‹Ծածկած շուկայի›› վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ/:

 

2.Շինարարության թույլտվություն /ձևաթուղթ/՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:

 

3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:

 

4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:

 

***


Բողոքի երթ' ավտոմեքենաներով. «Ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարների»

«Ընդդեմ Կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը պատրաստվում է մեքենաներով բողոքի երթ անցկացնել.

 

«Հարգելի քաղաքացիներ,

 

Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:

 

Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվում ենք Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում (parking) և միասին դրոշներով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ:

 

Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:

 

Քանի որ տվյալ ակցիան մեծ կազմակերպչական ջանքեր է պահանջում, մասնակցելել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ ուղարկել հեռախոսահամարը [email protected] էլ. հասցեին, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել և հաղորդել մանրամասները:

 

***

Շարմազանովն ու Փաշինյանը հաշտվեցին

 

Քիչ առաջ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցի համար հանգիստ տոնով ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նույն հանգիստ տոնով շնորհակալություն ասաց Շարմազանովին եւ հնչեցրեց իր հարցը: Կարծես առավոտյան ոչինչ չէր պատահել:

 

Առավոտյան բանավեճ էր տեղի ունեցել Էդուարդ Շարմազանովի ու Նիկոլ Փաշինյանի միջև: Շարմազանովի ելույթի պահին Փաշինյանը տեղից դժգոհել էր ու պահանջել, որ անջատեն Շարմազանովի խոսափողը, որովհետև ինքը բովանդակային քննարկում է անում, ինչից հետո վերջինս մատ էր թափ տվել Նիկոլ Փաշինյանի վրա:

 

***

Բողոքի են դուրս եկել պռոշյանցիները

 

Բողոքի ակցիա գլխավոր դատախազության դիմաց: Պռոշյանցիները պահանջում են իրենց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության վերաբերյալ արդար քննություն իրականացնել եվ համաձայն չեն, որ սպանության համար մեղադրվի Արայիկ Պոտրոսյանը:

 

Արայիկ Պետրոսյանի կալանավորումից անցել է 9 ամիս, սակայն ոչ նրա պաշտպանները, ոչ էլ հարազատները չգիտեն, թե ինչ հիմնավորումներով է այսքան ժամանակ պայմանավորված կալանավորումը: Նրանք մի քանի անգամ պահանջել են, որ գլխավոր դատախազը ներկայացնի գործի մանրամասները, սակայն նրանց դիմումները մնացել են անպատասխան: Եվ հիմա պահանջում են հանդիպում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

 

Դատախազությունից հայտնել են, որ կընդունեն եկող շաբաթվա ընթացքում:

 

Բողոքի ակցիա գլխավոր դատախազության դիմաց: Պռոշյանցիները պահանջում են իրենց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության վերաբերյալ արդար քննություն իրականացնել եվ համաձայն չեն, որ սպանության համար մեղադրվի Արայիկ Պոտրոսյանը: Նրանք պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ: Իսկ դատախազությունից հայտնել են, որ կընդունեն եկող շաբաթվա ընթացքում:

 

***

Պայթյուն Եմենի ՊՆ-ում

Եմենի Պաշտպանության նախարարությունում հզոր պայթյուն է որոտացել:

 

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենայով մխրճվել է շենքի մեջ, որից հետո գերատեսչության տարածք են ներխուժել զինված մարդիկ:

 

Հարձակման հետեվանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ:

 

Ահաբեկության պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Սակայն, ըստ միջազգային լրատվամիջոցների, այն կազմակերպել է Ալ-Քաիդան:

 

***

Եթե ԱԺ-ն օրենքն ընդունի, ապա հունվարի 1-ից ոչ մեկ հին անձնագիր չի ստանա

 

2014 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը կդառնան պարտադիր, եթե Ազգային ժողովն ընդունի այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն կատարել այդ համակարգի ներդրմանն ուղղված օրենքներում և դրանք դարձնել պարտադիր:

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ եթե օրենքը ԱԺ-ում ընդունվի, ապա հաջորդ տարվա առաջին իսկ օրերից այն քաղաքացին, ով կդիմի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար, կենսաչափական անձնագիր ու նույնակացման քարտ կստանա:

 

«Բայց բոլորի հին անձնագրերը մինչև իրենց գործածության ավարտը ուժի մեջ կլինեն»,-ասաց նա:
Նորայր Մուրադխանյանի խոսքով՝ այժմ, երբ օրենքը կամավոր սկզբունք է նախատեսում, շատ են ՀՀ քաղաքացիները, ովքեր կամավոր դիմում են կենսաչափական անձնագիր ու նույնակացման քարտ ստանալու համար: