Հայ ազգագրական երգ-երաժշտության այսօր ունեցած դերի, տարածման, ինչպես նաև երկրի ներկա վիճակի շուրջ առկա մտահոգությունների մասին Tert.am-ը զրուցեց բազմաթիվ ազգային, հայրենասիրական երգերի հեղինակ, «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար, Գուսան Հայկազունի հետ, ով բոլոր խնդիրների կողքին երկրում տեսնում է նաև հեղափոխության անհրաժեշտություն:

 

-Ի՞նչ խնդիրներ են այսօր ծառացած ազգագրական, հայրենասիրական երգ-երաժշտության առջև: Որպես գուսան, ի՞նչ մտահոգություններ ունեք:

 

-Մեր ազգագրական, հայրենասիրական երգն այսօր օդ ու ջրի պես պետք է ազգին ոգի տալու համար այստեղ և հատկապես Սփյուռքում: Ցավոք սրտի, ազգագրական երգի հանդեպ պետական հովանավորություն չկա, մեր փողատերերը, իշխանավորներն ավելի շատ սիրում են ռաբիզ և այլ երգերի տակ ուրախանալ, դրանք հովանավորել, իսկ մեր ազգայինը պահելը մնում է մի քանի նվիրյալների ուսերին, որոնք դժվարությամբ, բայց տանում են:

 

Պետք է պետական մոտեցում. մեր դրսի համայնքներ գնում են միայն էժանագին երգիչները, մինչդեռ մեզ նման խմբերին ոչ ոք չի օգնում, որ գնան, իսկ լուրջ գործի համար անպայման հովանավոր է պետք: Դժվար է, դժվար է, բայց գնում ենք:

 

-Որպես գուսան, ի՞նչ եք կարծում, այսօր ոգեշնչող ազգագրական, հայրենասիրական երգեր ծնվու՞մ են:

 

-Ազգային, ժողովրդական, գուսանական երգեր, իհարկե, ծնվում են: Այն երգերը, որոնք ազգային արժեք են ներկայացնում, մնայուն են, և այսօր գրողներ կան: 1988թ.-ից մինչ այսօր ես ստեղծել եմ մոտ 100 երգ, որից գոնե 15-20-ը այսօր շատ սիրված և տարածված է: Իսկ վերջին մի 10 տարվա ընթացքում 4 գրողի գուսանի կոչում եմ տվել: Մենք ամեն կերպ փորձել ենք գուսանի անունը պահել:
Պետք է ասել նաև, որ ամեն ժամանակ իր երգերն ունի, ուստի չպետք է բավարարավել միայն եղածով: Թարմություն պետք է տալ ժողովրդին: Նոր կոչեր են պետք, նոր պայքարի հերոսներ են ծնվում, նրանց պետք է գովերգել:

 

-Արդյո՞ք այսօր ազգագրական երգերը 20 տարի առաջ ունեցած ոգեշնչող դերն ունեն:

 

-Ինքս Արցախյան պատերազմի մասնակից եմ, այդ տարիներին ռազմի դաշտում դուք պետք է տեսնեիք, թե ինչ է երգը: Լավ երգը զինվորի համար այն դերն էր կատարում, ինչ ծանր հրետանին: Իսկ խաղաղ ժամանակների մասին ասեմ, որ միայն այս տարի մարզերում ես մի հինգ, վեց համերգ եմ ունեցել, ու պետք է տեսնել, թե ինչ ոգեշնչում, ինչ պոռթկում է ապրում դահլիճն այդ երգերի ներքո: Այսինքն՝ պետք է սովորեցնել, տալ երեխաներին: Եթե լավը տալիս ես ու հասցնում ես մարդկանց, սիրում են. մեր ժողովրդի արյան մեջ կա, չի կարող մոռացվել: Տարվա ընթացքում հարյուրավոր դպրոցներում միջոցառումների ենք մասնակցում, այն դպրոցներում, որտեղ մանկավարժական կոլեկտիվը ուշադրություն է դարձնում դրա վրա, ազգայինով են մտածում, այդ դպրոցներում հրաշալի սերունդ է մեծանում: Պետք է տալ ու պահանջել, չենք տալիս ու ասում ենք՝ ինչո՞ւ է այսպես:

 

-Կարելի՞ է ասել, որ երիտասարդության շրջանում սեր կա դեպի ազգագրական երգը:

 

-Այո, դրական առումով բավականին փոխվել է ներկայիս երիտասարդությունը: Ճիշտ է, դրա հետ միասին ուրիշ երգեր էլ ենք լսում, իսկ երիտասարդներն ավելի շատ, բայց ազգայինը կամաց-կամաց վեր է բարձրանում: Ի դեպ՝ հեռուստատեսությունը բացասական աշխատանք է անում, իսկ մարդիկ ընդունում են այն, ինչ տալիս են:

 

-Այսօր շատ է խոսվում երկրի անկախության կորստի մասին: Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք:

 

-Ես ավելի խորը վտանգ էի տեսնում ու հիմա էլ տեսնում եմ, միշտ վախենում եմ, դողում եմ մեր անկախությունը կորցնելուց: Հայաստանը կարծես ջրամբարի հունի վրա կառուցված ինչ-որ կառույց լինի, և Աստված չանի՝ այդ ջրամբարը հանկարծ թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից բացվի: Դրա համար պետք է շատ զգույշ լինել, մենք քիչ ազգերից ենք, որ երկրի անկախությունը կորցնելու համար ենք դողում: Գնացե՛ք Եվրոպա, Ռուսաստան, տեսե՛ք, նրանք այսօր պայքարում են լավ ապրելու համար: Իսկ մեր պայքարն առաջին հերթին երկիրը պահելու համար է: Ես վախ ունեմ, ինձ համար կարևորը մեր անկախությունը պահելն է: Բոլոր երկրներն էլ ինչ-որ դաշինքների մեջ մտնում են, բայց պետք է կարողանանք մեր անկախությունը պահել արժանապատիվ հարթության վրա:
Նոր եմ վերադարձել Փարիզի, Բելգիայի և Հոլանդիայի հայ համայնքների հետ հանդիպումից, ձուլվում է մեր ժողովուրդը, իսկ այստեղից գնում են հատկապես երիտասարդները:

 

-Խոսեցիք արտագաղթի մասին, արտագաղթի ծավալների ահագնացող վտանգ տեսնո՞ւմ եք: Ի՞նչ ելք եք տեսնում, շատերը խոսում են հեղափոխության մասին:

 

-Վտանգն արդեն 20, 25 տարի կա, ու շատ էլ ահագնացավ, հիմա մի քիչ վիճակը փոխվում է: Հուսանք, որ լավ կլինի: Սակայն, եթե այսպես շարունակվի այս արտագաղթը, աղքատության այս տոկոսը, հեղափոխությունից բացի երևի ուրիշ ելք էլ չի մնալու այս ժողովրդին, մեղք է այս ժողովուրդը: Հեղափոխություններն առաջանում են այն վիճակներից, երբ ժողովուրդն այլև ելք չի գտնում, իսկ նման վիճակը քանդում է մեր երկիրը, մեր ժողովրդին: Իսկ արտագաղթածների երկրորդ սերունդն արդեն կիսով չափ հայ չէ: Դրա դեմը պետք է առնել: Այս երկիրը պետք է դրախտ դառնա, և այդ պոտենցիալով մենք օժտված ենք, իսկ եթե չարեցին, այսպես շարունակվել չի կարող, ես ինքս կողմ կլինեմ, որ հեղափոխություն լինի: