ՀՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Թուրքիան մշտապես թատերական ներկայացումներով, այժմ էլ Դավութօղլուի այցով, ձգտել է քաղաքակիրթ երևալ: «Թուրքիան դիմակներ ունի իր մոտ և տարբեր դիմակներ արագ կարողանում է հագնել, բայց երբեք էությունը չի փոխվում, քանի որ նա չի հրաժարվել իր ռազմավարական շահերից, որոնք հակահայկական են իրենց բնույթով. Թուրքիան չի դարձել քաղաքակիրթ երկիր, չի հրաժարվել նեոօսմանյան ու պանթյուրքիստական քաղաքականությունից»,- ասում է պատգամավորը:
-Պարոն Ռուստամյան, «Առավոտ» օրաթերթը հղում անելով իր ՀՀ ԱԳՆ աղբյուրներին՝ նշում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման քայլի հնարավորությունը և ի՞նչ ճանապարհային քարտեզ կնախընտրեիք ներկայացնել դու՛ք։
-Մենք նման ճանապարհային քարտեզից տեղյակ չենք, ինչպես և նախորդ բոլոր փաստաթղթերից։ Նման դեպքերում տեղեկանում ենք շատ անսպասելի և գիշերային որոշումներից հետո։ Ամեն դեպքում մեր մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում չեն փոխվել։ Մենք բնականաբար դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ այն գնով, որն առաջարկվում է մեզ: Այս իշխանություններն, ըստ էության, տուրք տվեցին դրան և գնացին՝ ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություններ, որով մենք շատ լուրջ գին ենք վճարում սերունդների հաշվին։ Մեր կարծիքով՝ այդ արձանագրությունը պետք է բաղկացած լիներ երկու մասից, շատ կարճ պետք է գրվեր, որ մենք հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ և այդ հարաբերություններով փորձելու ենք լուծել երկու պետությունների միջև գոյություն ունեցող մեր բոլոր խնդիրները, այլ ոչ թե նախասահմանվեր, թե ինչ ուղղությամբ պետք է լուծվեն, և որ դրանք, բնականաբար, ի օգուտ Թուրքիայի լուծման տրամաբանություն ունենային։ Առանց նախապայմանների ներկայացնելն արդեն կլիներ Հայաստանի կողմից Թուրքիային մեծ զիջում, որովհետև ի վերջո Հայաստանն այն միջազգային պահանջատեր սուբյեկտն է, որն իրավունք ունի պահանջել Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում Թուրքիայի կողմից: Այսինքն, երբ մենք դա չենք դնում, արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի կողմից, և դա պետք է գնահատվեր ըստ արժանվույն, թե՛ միջազգային հանրության կողմից, թե՛ Թուրքիայի կողմից. ավել զիջումների անհրաժեշտություն չկար։ Հիմա ես չեմ պատկերացում՝ ի՞նչ առաջարկություններ կան։
-Ըստ թերթի նույն աղբյուրի պնդման՝ ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է:1.Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև: 2.Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։ 3.Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։ Դուք նման առաջարկներին դեմ կլինեի՞ք։
-Իհարկե դեմ ենք Թուրքիայի՝ ցանկացած ձևով միջնորդության ԼՂ հարցում, որովհետև դրանից լավ հոտ չի գալիս։ Թուրքիան ինչու՞ պետք է մասնակցի այդ բանակցություններին, այն էլ կողմ դառնա ամբողջական միջնորդական մակարդակով: Իհարկե, դա վտանգ կլինի Հայաստանի շահերի համար։
- Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարի այցն այս համատեքստում տեսնու՞մ եք։ Այսինքն՝ չե՞ք կարծում, որ սրանով հերթական փորձն է արվում Թուրքիայի կողմից մխրճվելու ԼՂ հարցի կարգավորման դաշտ։
-Թուրքիային միշտ էլ ձգտում է մխրճվել, և դա երբեք էլ նորություն չէ։ Թուրքան անընդհատ էլ այդ հարցն իր օրակարգում ունեցել է: Ավելին, այս արձանագրությունից հետո նա ավելի մեծ թափով սկսեց ակտիվացնել այդ միջնորդական ձևաչափ ձեռք բերելու ջանքերը, որևէ կերպ մտնելու այս խնդիրների մեջ՝ նկատի ունենալով, թե ինքը քայլ է կատարում հարաբերություների բարելավման ուղղությամբ։ Արդյունքն ի՞նչ եղավ, որ սահմանը չբացվեց, իսկ Թուրքիայի հիմնական բացատրությունն այն էր, որ իմաստ չունի այս մի սահմանը բացվի, եթե մյուս սահմանը փակ է, այսինքն' Հայաստան-Ադրբեջան սահմանը, և դա պետք է դիտվի մեկ ամբողջական փաթեթի մեջ։ Իսկ եթե ուզում է միջազգային հանրությունը տեսնել այստեղ համագործակցություն և փոխշահավետ տնտեսական տարածքի առաջացում, ապա պետք է ինքն էլ նպաստի, որ այդ երկու սահմանները միաժամանակ բացվեն։ Իսկ դա նշանակում է Ղարաբաղի հարցի լուծում, ու սրանով նրանք նախապայման են դարձրել Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ Հիմա նրանք դրանից չեն հրաժարվելու, ինչ ճանապարհային քարտեզ էլ առաջարկվի, ինչ մանիպուլյացիաներ էլ առաջարկվեն, դրանով ոչինչ չի փոխվելու: Թուրքիան, չի թողելու մենակ իր եղբորը՝ Ադրբեջանին, որոնք բազմիցս հայտարարել են, որ մեկ ազգ են, երկու պետություն: Եվ բնականաբար բացել սահմանը՝ նշանակում էր չճանաչել Հայաստանը, որպես ագրեսոր երկիր, ինչպես դա ներկայացնում է Ադրբեջանը, իսկ դա էլ նշանակում է թուլացնել Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում։ Սա Թուրքիան լավ հասկանում է, և բնականաբար չէր գնա դրան։ Ես չեմ հասկանում, թե ինչ ձևեր պետք է գտնել, որպեսզի Թուրքիան հրաժարվի այս ամենից, դա բացարձակապես անիմաստ է, որովհետև թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերը նույնն են։
-Գուցե Թուրքիային ձեռնտու՞ է միջազգային հարթակներում դիմագիծը փրկելու համար Հայաստանի հետ որոշ զիջումների գնալ, քանի որ իր «Զրո խնդիր՝ հարևանների հետ» կարգախոսը ձախողվել է՝ վերածվելով «լուրջ խնդիրներ՝ բոլոր հարևանների հետ»։
-Այո, դա վաղուց էր հայտարարված, որն ըստ էության ֆիասկոյի է ենթարկվել, որովհետև ընդհակառակը բոլոր հարևանների հետ Թուրքիայի պրոբլեմները սրվել, ոչ թե վերացել են: Միայն Հայաստանը չէ, այլ Սիրիա և այն, և այդ գաղափարը իրականություն չդարձավ։
«Գուցե»-ները մեզ համար չեն, մենք պետք է հասկանաք, որ քանի Թուրքիան չի փոխվել որպես քաղաքակիրթ երկիր, ավելին' գլխավոր հարցը՝ չի հրաժարվել նեոօսմանյանական ու պանթյուրքիստական քաղաքականությունից, մենք պրոբլեմ ունենք այդ երկրի հետ։ Ցեղասպանության ճանաչման հարցը միայն անցյալի հարց չէ, այլ նաև ներկա և ապագա սերունդների անվտանգության ապահովման հարցն է։ Բնականաբար նաև հասկանում են՝ 100-ամյակն է մոտենում, փորձելու են քայլեր կատարել, տպավորություն ստեղծել, այդ խնդրին արդար և ազնիվ մոտեցում ցույց տալ։ Եթե հիշեք բոլոր հոբելյաններից առաջ Թուրքիան միշտ նման քայլեր անում է, 90 -ամյակին էլ այդպես էր, 95-ամյակին էլ, որովհետև մտածում է, որ կարող է միջազգային ճանաչման ալիք առաջանալ, որն իսկապես հնարավոր է: Հոբելյանների ժամանակ այսպիսի կտրուկ փոփոխություններ լինում են միջազգային կազմակերպությունների մոտ և տարբեր երկրներում, և նրանք փորձում են կանխել դա։ Որովհետև 90-ամյակին հայտարարել էին, որ հայկական ցունամին վտանգ է Թուրքիայի համար, հիմա 100-ամյակը նման խնդիր է դնում իրենց առաջ, և իրենք փորձելու են նորից խաբել մեզ, սա է խնդիրը։
-Իսկ իշխանությունները չե՞ն գնա այդ հերթական «խաբեությանը»:
-Կարծում եմ, որ իշխանությունները, իհարկե, լավ կլիներ, որ անցյալի դասերը քաղեին և իրենց փորձով անպայման չհամոզվեին, որ թուրքը մնում է թուրք։ Բայց հիմա գոնե իրենք այս ամենը տեսան, թե ինչի հանգեցրեց այս ֆուտբոլային դիվանագիտությունը։ Մենք առանձնապես այն, ինչ ակնկալում էինք, գլխավորապես սահմանների բացում, չստացանք, բայց փոխարենը Թուրքիայի ակտիվացումը ստացանք: Նաև սա խոչընդոտ առաջացրեց տարբեր երկրներում ու միջազգային կառույցներում Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացն առաջ տանելու համար, որովհետև մարդիկ ասում են՝ իրար հետ բարիշում են, մենք ինչու՞ գնանք, խանգարենք։ Սրանով Թուրքիան բավական չեզոքացրեց իր նկատմամբ լուրջ հարվածները։ Հիմա պետք է վերադառնանք ելակետին։ Մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք այս արձանագրություններից օր առաջ, և սա կլինի լուրջ նշան թե՛ Թուրքիային, թե՛ միջազգային հանրությանը, պետք է չտրվել այս մակերեսային, թվացյալ ակնկալիքներին և չգնալ այդ միակողմանի զիջումներին, ինչ է թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն։
-Այդ դեպքում, եթե դաս են քաղել, ինչու՞ արձանագրությունից չեն հրաժարվում։
-Շատ պրիմիտիվ ձևով են պաշտպանվում, ասում են՝ եթե արձանագրությունը Թուրքիայի համար այդքան լավ է, ինչու՞ չեն վավերացնում: Էդ դեպքում, եթե մեր համար էլ լավ է, ինչու մե՛նք էլ չենք վավերացնում, չէ՞: Պրիմիտիվ պատասխան է դա, բայց ավելի խորքային բան կա, դա չեն ուզում տեսնել։ Թուրքիան, ինչ-որ իրենց անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների մասով, ստացավ ստորագրություններից, հիմա վավերացման հետ կապված փորձելու է ստանալ ավելին՝ ստանալ Ղարաբաղի հետ կապված հարցում միջնորդական հնարավորություններ, Ղարաբաղական հարցում պրոադրբեջանական լուծման ընթացք ապահովել, դրա համար էլ պահում է կախված վիճակում, ստորագրումից մի բան է ստացել, վավերացումից մի այլ բան է ուզում ստանալ։ Այս է խնդիրը, իսկ հետ գնալ այսպես՝ դժվար է լինելու, անգամ արձանագրությունից հրաժարվելու դեպքում, որովհետև պատմության մեջ արձանագրվել է, որ իշխանություններ եղան Հայաստանում, ովքեր համաձայնեցին այս սահմանները ապօրինի ճանաչել, նստել, քննարկել, ստեղծել հանձնաժողով պատմական խնդիրները, այդ թվում նաև Ցեղասպանության հարցը քննարկելու համար: Շատ տեղեր ուղիղ են ասում, որ դա ենթադրում էր Ցեղասպանության հարցի քննարկում, և այս ամենից իշխանությունները պարտավոր են դաս քաղել և հերթական ծուղակի մեջ չհայտնվել։
-Այսինքն, ինչպես որոշ փորձագետներ կանխատեսում են, Դավութօղլուի սպասվելիք այցը շոու՞ է։
-Այո, Թուրքիան երբեք չի գնա իր ռազմավարական շահերի ոտնահարմանը։ Ամեն ինչ կարող է անել, այո, թատերական ներկայացումներով տպավորություն ստեղծել, որ ինքը կողմնակից է հարցի լուծմանն ու կարգավորմանը, այսինքն' քաղաքակիրթ երևա: Թուրքիան դիմակներ ունի իր մոտ և տարբեր դիմակներ արագ կարողանում է հագնել, բայց երբեք էությունը չի փոխվում, քանի որ նա չի հրաժարվել իր ռազմավարական շահերից, որոնք հակահայկական են իրենց բնույթով։
-Դավութօղուին բողոքի ակցիաներով դիմավորելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք։
-Այո իհարկե, Գյուլի այցն էլ բողոքի ցույցերով դիմավորեցինք: Այն ժամանակ ասում էին, որ ի՞նչ եք անում, թող գա, գնա: Բայց հետո պարզ դարձավ չէ, որ մի ուժ պետք է լիներ, որ Թուրքիային ասեր՝ ինքն ով է: Հարթ ու խաղաղ գալ-գնալը մեր ազգային արժանապատվությանն էր հարվածում, ինչը բնականաբար Դաշնակցությունը չէր կարող հանդուրժել և ցույցերը կազմակերպեց։ Հիմա էլ նույնն է՝ գալիս է Դավութօղլուն, և նրանց գալ-գնալուց էլ մենք որևէ լավ բան չենք ակնկալում, որովհետև չի փոխվում իրենց ռազմավարությունը, որովհետև ցանկացած պարագայում նրանք նեոօսմանիզմի ռազմավարությունն են իրականացնում, որտեղ չի տեղավորվում Հայաստան պետության գոյությունը, սա մենք պետք է հասկանանք։ Եվ քանի չի փոխվել ռազմավարությունն իրենց մոտ, ոչ մի լավ բան չպետք է ակնկալել, ընդհակառակը պետք է հասկանանք, որ քանի նա չի ճանաչել Ցեղասպանությունը և չի զգացել ու հատուցման խնդիր դրել, Թուրքիան մնում է մեր թիվ մեկ վտանգներից մեկը ազգային անվտանգության առումով։