ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ամփոփեց 2014 թվականի պետական բյուջեի քննարկումները:

 

«Մի քանի օրից ՀՀ-ում ներդրվում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որին մենք նախապատրաստվել ենք 10 տարի: Համակարգի վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետեր, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ ու աշխարհի լավագույն փորձագետներ:

 

Այս 10 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ֆորմատներով քննարկումներ, երկու նիստ՝ ՀՀ նախագահի մոտ, որին մասնակցում էին կոալիցիոն գործընկերներն ու մասնագետներ, որոնք ունեին քննադատական մոտեցումներ հարցի շուրջ»,-ասաց Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ տասնյակ սեմինարներ է անցկացրել՝ ներկայացնելու այս հայեցակարգը, մեխանիզմները, որոնք ընդունվել են դեռևս 2010-ին:

 

«Տրված էր բավական ժամանակատված, որ մասնավոր հատվածը ևս նախապատրաստվի համակարգի ներդրմանը, պետությունն էլ փորձարկի այն ենթակառուվածնքները, որոնք նախապատրաստվել են:

 

Կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում ամենաբարդագույնն են համարվում: Այս բարեփոխումը մեր անկախ պետականության տարիների ամենաբարդ ռեֆորմներից է, որովհետև այս ռեֆորմն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն, տնտեսական համակարգի բոլոր ոլորտներին: ՀՀ-ում կա շուրջ 510 հազար թոշակառու, և 2014թ. բյուջեով նախատեսվում է, որ միջին թոշակը ՀՀ-ում կավելանա 15%-ով՝ 31 հազարից հասնելով 36 հազար դրամի: Բայց մենք Ձեզ հետ միասին քաջ գիտակցում ենք, որ այս թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ բազային կենսաթոշակն ավելացնելու համար պահանջվում է 270 մլդ լրացուցիչ ֆինանսավորում, որը մեծ բեռ է:

 

«Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային բարեփոխումը, որը ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի, որովհետև մենք ձեզ հետ միասին անցնում ենք ավելի արդար համակարգի»,-ասաց նա: