«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը թեև հաստատում է, որ իրենց համար առաջնային խնդիրն ընտրություններով իշխանափոխության հասնելն է, սակայն անհրաժեշտության դեպքում չի բացառում նաև թավշյա հեղափոխությունը։
«Քաղաքացիական պայմանագրի տեքստում մեզ համար ընդունելի են ընտրությունները, սակայն տեսքում նաև հղում ունենք թավշյա հեղափոխության մեթոդին՝ որպես քաղաքական ժողովրդավարական պրոցեսների միջոց։ Մեր վերջանական խնդիրն այն է, որ ձևավորվի ընտրություններով իշխանության փոփոխության մեխանիզմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Փաշինյանն ավելացրեց, որ իրենց խնդիրն է՝ ո´չ միայն ընտրություններով իշխանության գալը, այլև՝ պարտության դեպքում ընտրություններով իշխանությունից հեռանալը։
«Սա շատ կաևոր պահ է. պետք է հասկանանք, որ նույնիսկ՝ հեղափոխական գործընթացներից հետո կամ առաջ տեղի են ունենում ընտրություններ, որովհետև եթե այսօր այս իշխանությունը հրաժարական տա, հաջորդ քայլով ի՞նչ ենք անելու, ընտրություններ են, չէ՞, տեղի ունելու»,-ասաց նա և ավելացրեց, որ ընտրությունները՝ որպես քաղաքական մեխանիզմ, թիվ մեկ ժողովրդավարության գործիքն են։
Նիկոլ Փաշինյանը չընդունեց այն դիտարկումը, թե ձևավորվում է մի ուժ, որի կուսակցություն դառնալու հավանականությունը մեծ է։
«Կուսակցություն ստեղծելու որոշում չի կայացվել»,-ասաց նա։